Ծնողների ուժը. Երևանի քաղաքապետարանը հետ է կանգնել մանկապարտեզ հաճախելու ժամի վիճահարույց վերջնաժամկետ սահմանելուց

Մոտ մեկ շաբաթ տևած Երևանի քաղաքապետարան-ծնողներ վիճաբանություններն ապարդյուն չանցան. հինգշաբթի օրվանից մանկապարտեզ հաճախելու վերջնաժամկետ սահմանված 8:30-ը այլևս չի գործի:

Երկուշաբթի օրվանից Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր հրահանգի համաձայն` փորձնական ծրագիր էր մեկնարկել Կենտրոնի 20 մանկապարտեզներում, որով փորձ էր արվում թեթևացնելու մայրաքաղաքի կենտրոնական փողոցները առավոտյան ժամերի մշտական տրանսպորտային խցանումներից: Հրահանգը բազմաթիվ ծնողների զայրույթն էր առաջացրել, որոնք ստիպված էին փոխել իրենց առավոտյան ռեժիմը` երեխաներին ժամանակին մանկապարտեզ հասցնելու և փակ դարպասների առաջ չմնալու համար: Այս առիթով մի խումբ ծնողներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թողեք քնենք» նախաձեռնող խումբ են ստեղծել և դիմել քաղաքապետին` ասելով, որ փորձնական ծրագիրը չի լուծի մայրաքաղաքի երթևեկության խնդիրները:

Չորեքշաբթի մի խումբ ակտիվ ծնողներ հանդիպել են քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների հետ և վկայակոչել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` «Ծնողն ինքն է սահմանում իր երեխայի` նախադպրոցական հաստատություն հաճախելու գրաֆիկի ճկունությունը»:

Նույն օրն ավելի ուշ մանկապարտեզների տնօրեններին զանգահարել են քաղաքապետարանից և տեղեկացրել, որ երեխաների թվի մասին առաջին տվյալները պետք է ներկայացնել ժամը 9-ին, երկրորդը` 9:30-ին, ընդ որում, յուրաքանչյուր ծնող կարող է դիմում գրել մանկապարտեզի տնօրենին ու խնդրել` սահմանել իր և իր երեխայի համար հարմար ժամը: