Դասամիջոց. դպրոցների շրջանավարտներ չլինելու հետևանքով Հայաստանի համալսարաններում ընդունելության քննություններում մրցակցություն չի լինի

Հայաստանում միասնական քննությունների կազմակերպմամբ զբաղվող Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուները հայտարարում են, որ այս տարվա բուհական ընդունելության քննությունները սովորականի նման թեժ չեն լինելու, քանի որ այս տարի 12-ամյա կրթական համակարգին անցնելու հետևանքով դպրոցների շրջանավարտներ չեն լինի:

Փոխարենը, ինչպես չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԹԿ-ի մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը, միասնական քննություններին կմասնակցեն նախորդ տարիների շրջավարտներ, անցյալ տարի մրցույթից դուրս մնացածներ, ժամկետային զինծառայությունից զորացրվածներ և սփյուռքահայեր: Թեև դիմորդների միջին տարիքը 19-ն է, սակայն այս տարի նույնիսկ մի 46-ամյա դիմորդ է հայտ ներկայացրել:

13 առարկաներից միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1209 դիմորդ: Նախորդ տարի առաջին փուլի համար դիմել էր 17.656 դիմորդ: Այս տարի դիմորդների թվում գերակշռող են երևանաբնակները` 320 դիմորդ, 143-ը`Շիրակի մարզից, 108-ը` Արմավիրից, 80 մարդ` Լեռնային Ղարաբաղից, իսկ ամենաքիչը դիմել են Տավուշի մարզից` 28 մարդ:

Հայաստանի պետական բուհերում այս տարի 2428 անվճար տեղ է հատկացված և 17.000-ից ավելի վճարովի տեղ: Սա նշանակում է, որ եթե դիմորդները քննություններ հանձնելիս հաղթահարեն դրական միավորի նվազագույն շեմը, այսինքն` 7,5 միավորը, ապա կկարողանան անվճար բուհ ընդունվել:

«Եթե 1209 դիմորդ ունենք, դա չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են»,- ասաց Նասիբյանը` ընդգծելով, որ դրական միավոր ստանալը բուհ ընդունվելու համար պարտադիր է:

Դիմորդները կարող են դիմել 2 անվճար, 8 վճարովի տեղերի համար: Այս տարվա նորամուծություններից մեկն այն է, որ առաջին անգամ միասնական քննություններ կհանձնեն նաև ոչ պետական բուհերի դիմորդները:

Այս տարի նախորդ տարիների նման` ամենամեծ թվով դիմորդներ` 609 հոգի, քննություն կհանձնեն հայոց լեզու և գրականություն առարկայից, 544-ը` մաթեմատիկայից, 365-ը` անգլերենից, 300-ը` հայոց պատմությունից: