Կրթություն. նախարարի խոսքով` բարեփոխումները կբարելավեն միջին մասնագիտական կրթությունը Հայաստանում

Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը տեղեկացնում է, որ բարեփոխումներ են սկսվել միջին մասնագիտական կրթության ոլորտում` բարեփոխումների ծրագրում ընդգրկվել են 12 քոլեջներ, որոնք վերանորոգվել ու կահավորվել են:


«Դրանք իրականացնում են ոչ միայն միջին մասնագիտական կրթություն, այլև վերապատրաստում` աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա»,- ասաց փոխնախարարը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Համաձայն կրթության և գիտության նախարարության տվյալների` Հայաստանում այժմ գործում են նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող 115 պետական ուսումնական, 23 ոչ պետական միջին մասնագիտական հաստատություններ:

Ընդհանրապես կրթության ոլորտում տեղի ունեցող գործընթացների արդյունքում միջին մասնագիտական սեկտորից առաջին հերթին դուրս է մղվել մանկավարժ մասնագետների պատրաստումը, քանի որ, ըստ փոխնախարարի, «մանկավարժական բարձրագույն կրթություն ապահովող բուհերը փակում են դաշտը»: Այս միտումը նկատվում է նաև «բժշկական գործ» պատրաստող միջին մասնագիտական հաստատություններում:

Ավետիսյանի խոսքով` միջին մասնագիտական կրթական հաստատություններում ընդլայնվել են ինժեներական, սպասարկման տեխնիկական մասնագիտությունները, ինչը պայմանավորված է աշխատաշուկայի պահանջարկով:

«Այս տարվանից նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ընդունելության առանձին քննություններ չեն անցկացվի: Շրջանավարտը միասնական կամ ավարտական քննություն հանձնելու դեպքում հնարավորություն կստանա նաև մասնակցելու քոլեջների ընդունելությանը»,- տեղեկացրեց Ավետիսյանը` հավելելով, որ 9-րդ դասարան ավարտած (այսինքն` ավագ դպրոց չգնացող) շրջանավարտները կարող են միջին մասնագիտական կրթություն ստանալ իրենց 9-րդ դասարանի ավարտական քննությունների հիման վրա, եթե այդ քոլեջը կամ ուսումնարանը կրթություն իրականացնում է հանրակրթական դպրոցի բազայի վրա:

«Մենք պետք է հասնենք նրան, որ աշխատաշուկայում միջին մասնագիտական որակավորման լավ մասնագետն իսկապես պահանջարկ ունենա»,- ասաց Ավետիսյանը` օրինակ բերելով, որ այդ դեպքում աշխատանքի հայտարարություններում ոչ թե երիտասարդ, բարետես աղջիկների կհրավիրեն աշխատանքի, այլ որոշակի մասնագիտություն ունեցող անձանց։