Հակամրցանակ. նախաձեռնող խումբը «պատվել» է պետական գործիչներին` Հայաստանում օտարալեզու կրթությանն աջակցելու համար

Նախաձեռնող խումբը «Օտարալիզության» մրցանակ է շնորհել բարձրաստիճան պետական գործիչներին` Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը հավանություն տալու համար:


Հինգշաբթի հայտարարված մրցանակակիրների թվում են երկրի նախագահն ու վարչապետը:

Ըստ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնող խմբի` «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան-Դելյանովի անվան մրցանակը» (ՀՀ ներկայիս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և 19-րդ դարում Ռուսական կայսրության ժամանակ Հայաստանի կրթության նախարար Իվան Դելյանովի անունով) և խորհրդանշական 30 դրամի չափով դրամական պարգևը, որը Հիսուսին մատնելու համար Հուդայի վերցրած 30 արծաթի անալոգիան է, նախատեսված է «թուք ու մուր» անելու այն գործիչներին և կազմակերպություններին, որոնց գործունեությունն աղավաղում է հայոց լեզուն և հայերենով կրթությունը, որպեսզի հանրությունն ու գալիք սերունդները հիշեն նրանց:
2010-2011 թթ. Հայաստանում «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունները, ըստ որի Հայաստանում հնարավոր կլինի բացել սահմանափակ թվով օտարալեզու դպրոցներ, հասարակական լայն դժգոհության առիթ դարձան:

Օրինագծի դեմ հանդես եկան բազմաթիվ մտավորականներ, քաղաքական գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց կարծիքով նման փոփոխությունները կվտանգեն հայի ազգային ինքնությունը:

Մասնավորապես, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բազմաթիվ ակցիաներ է կազմակերպել ընդդեմ այդ օրենքների փոփոխությունների ընդունման, իսկ հետո՝ նաև վավերացման:

Նրանց կարծիքով` փոփոխություններն ունեն բազմաթիվ վտանգներ, որոնցից է նաև օտարալեզու վերնախավի ստեղծումը, դրանով իսկ ազգային անկախ պետականության վտանգումը, հայոց լեզվի գործածության ոլորտի սահմանափակումը:

«Մրցանակաբաշխության նախաձեռնող խումբը, հաշվի առնելով հանրության առաջարկությունները, կազմել էր թեկնածուների ցուցակ, որը և դրվել էր համացանցում` բաց քվեարկության»,- ասում է նախաձեռնության մասնակից Արմեն Հովհաննիսյանը` հավելելով, որ բացի գլխավոր «մրցանակակիրներից», մյուս մասնակիցներն էլ «կարժանանան պատվոգրերի»:

Մրցանակն ունի երեք աստիճան՝ առաջին կարգի օտարալեզ` ոսկե մեդալ, երկրորդ կարգի օտարալեզ` արծաթե մեդալ, և երրորդ կարգի օտարալեզ` բրոնզե մեդալ:

Առաջադրված 10 թեկնածուների թվում էին ՀՀ նախագահը, վարչապետն ու մի շարք պատգամավորներ, ինչպես նաև Գյումրու քաղաքապետը, մի քանի կրթական հաստատությունների տնօրեններ և այլք:

«Մրցույթում» ձայների քվեարկությամբ առաջին տեղը զբաղեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2011 թ. հունվարին ստորագրել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունները: Երկրորդ տեղը բաժին ընկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով առաջ էր քաշել և Ազգային ժողով ուղարկել վերոհիշյալ օրենքներում փոփոխությունների օրինագիծը: Իսկ երրորդ տեղում էին այն 69 պատգամավորները, որոնք 2010 դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են այդ օրենքների փոփոխությունները:

«Կարևոր չէ, թե ով որ տեղն է զբաղեցրել, բոլորն էլ հավասարաչափ պետք է խղճի խայթ զգան, սա պատժի միջոց չէ, այլ ընդամենը փաստի արձանագրում, մենք մեզ չէինք հարգի, եթե նման գործողություն չկատարեինք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքացիական նախաձեռնության համակիր, արվեստագետ Լալա Մնեյանը:

Կավից պատրաստված և համապատասխան ոսկեգույն, արծաթե կամ բրոնզե գույնով ներկված մեդալների երեսին քանդակված են Աշոտյանի և Դելյանովի դիմապատկերները:

«Օտարալիզության» մրցանակակիրներից ոչ մեկը դեռևս չի արձագանքել:

Ավելի վաղ, սակայն, կառավարության պաշտոնյաները և իշխանամետ ներկայացուցիչները խորհրդարանում բացատրել էին, որ Հայաստանում օտարալեզու կրթության արգելքի պաշտոնական հանումը, ինչը վերաբերում է միայն սահմանափակ թվով օտարալեզու դպոցների, կարևոր դերակատարություն կունենա երկրի հանրային կրթության վրա, ինչպես նաև հնարավորություններ կստեղծի Հայաստանում աշխատող արտասահմանցի ուսուցիչներից փորձ քաղելու համար: