«Ծնողները` ծնողներին». ցանցի կազմակերպած սեմինարում քննարկվում է Հայաստանում ներառական կրթությունը

Ներառական կրթության խնդիրներին նվիրված «Ծնողները` ծնողներին» ցանցի 3-րդ սեմինարում կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են հայտնել այն փաստից, որ իրենց երեխաները հնարավորություն են ստացել կրթություն ստանալու հանրակրթական դպրոցում` մյուս երեխաների հետ հավասար պայմաններում: Սակայն նրանք նաև խոսել են մի շարք խնդիրների մասին, որոնց լուծումը կապահովի իրենց երեխաների ավելի լավ ինտեգրումը հասարակությանը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները պետական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ երեքշաբթի կայացած սեմինարում քննարկեցին, նաև ամփոփեցին «Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը կրթության մեջ» ծրագրի արդյունքները և խնդիրները:

Ներառական կրթություն Հայաստանում իրականացվել է դեռ 2001 թվականից, սակայն սահմանափակ թվով դպրոցներում: 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: 2010 թ. տվյալներով` Հայաստանում գործում են 60 ներառական դպրոցներ, որտեղ սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1455 երեխաներ:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը գոհունակությամբ է նշում, որ ներառական կրթության շնորհիվ Հայաստանում գործող 52 հատուկ դպրոցներից այժմ մնացել են 23-ը:

Ֆրանսիական համալսարանի 23-ամյա ուսանողուհի Աննա Ավետիսյանը առաջիններից մեկն է, որ ներառական կրթություն է ստացել: Նա այս տարի փոխադրվել է իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրս և հպարտությամբ է պատմում իր ձեռքբերումների մասին: Հենաշարժական խնդիրներ ունեցող Ավետիսյանը պատմում է, որ սկզբում իրեն մայրն էր գրկած դպրոց տանում-բերում, հետո սկսեց քայլակով դպրոց գնալ: Ավետիսյանը հպարտությամբ է հիշում, թե 2-րդ դասարանում ինչպես էր ուզում իր դասընկերոջ նման դասը վարժ կարդալ և ինչպես կարողացավ դա անել մոտ երկու ժամ տանջվելուց հետ:

Իրավաբանական ֆակուլտետի ուսանողն այժմ համարում է, որ ճիշտ ընտրություն է կատարել և´ բուհի, և´ մասնագիտության ընտրության հարցում:

«Որովհետև ո՞վ կարող է ավելի լավ պաշտպանել հաշմանդամի իրավունքները, եթե ոչ հենց ինքը` հաշմանդամը»,- ասում է Աննան:

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում սովորող 17-ամյա երկվորյակներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանների (նրանք ևս հենաշարժական խնդրիրներ ունեն) հայրը` Գագիկ Աղաբաբյանը, ասում էր, թե ինչպես բոլոր ընտանիքներում, իրենցում ևս երեխայի ծնունդն ուրախություն էր:

«Բայց մի օր հասկացանք, որ մեր երեխաները ինչ-ինչ խնդիրներ ունեն` մյուսների նման չեն, և այդ տարբերությունը, որ տրվել է Աստծո կողմից, շատ դեպքերում ծնողները միայնակ չեն կարողանում հաղթահարել»,- ասում էր երկվորյակների հայր:

Նա բարձրացրեց ներառական կրթություն ստացած երեխաների հետագա կրթության և աշխատանքի հարցը:

«Հասկանալի է` ներառական կրթության շնորհիվ երեխան ինչ-որ ձևով հավասար զգաց իրեն, իսկ դրանի՞ց հետո, ի՞նչ պետք է լինի դրանից հետո, չէ՞ որ երեխան բարեբախտաբար շարունակում է ապրել»,- հարցնում է Աղաբաբյանը:

Նույն խնդիրն է բարձրաձայնում Երևանի թիվ 100 դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը: Նրա ղեկավարած դպրոցում սովորում են հատուկ կրթական կարիքներ ունեցող 50 երեխաներ, որոնցից 6-ն այս տարի ավարտում են հիմնական դպրոցը: Օհանյանի խոսքով` այդ երեխաների մեծ մասը ավագ դպրոց հաճախելու կարիք չունի, և անհրաժեշտ է նրանց հետագա կրթությունը կազմակերպել գոնե քոլեջներում: Տնօրենն ասում է, որ այդ երեխաները և ծնողներն իրեն անընդհատ հարցնում են, թե ի՞նչ անեն դպրոցից հետո, և ինքը չգիտի` ի´նչ պատասխանել:

Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ Երևանի 2 քոլեջներում հնարավոր է կազմակերպել ներառական կրթություն, և կան որոշ գործատուներ, որոնք պատրաստակամ են աշխատանք տրամադրել հաշմանդամություն ունեցող անձնանց: Սակայն Հովհաննիսյանը նշում է, որ այս ոլորտում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու: