Մայրենին ընդդեմ պետական լեզվի. Վրաստանի ազգային փոքրամասնությունների կրթական և ինքնությանը վերաբերող խնդիրները

Վրաստանի հայկական համայնքն իր բազմաթիվ ու բազմատեսակ խնդիրներից այսօր առանձնացնում է հատկապես հայերենի և վրացերենի իմացության և ընդհանրապես կրթության խնդիրները, որոնք առավել արդիական դարձան, երբ սկսեցին փակվել հայկական դպրոցները, իսկ դասագրքերի թարգմանությամբ սկսեց զբաղվել պետությունը:

2002 թ. անցկացված պաշտոնական մարդահամարի տվյալներով` Վրաստանի բնակչությունը կազմել է 4,37 միլիոն մարդ, որի 5,7%-ը (249,175 մարդ) հայեր են: Հայերի մեծ մասն ապրում է Վրաստանի հարավ-արևմուտքում գտնվող` Հայաստանի հյուսիսային սահմանին կից Սամցխե-Ջավախեթի նահանգում, որը միշտ էլ եղել է հայաբնակ, և այսօր էլ տեղի բնակչության 94%-ը կազմում են հայերը, որոնց հաղորդակցման հիմնական լեզուն հայերենն է:

Վրաստանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ամենամեծ համայնքներ ունեցող ադրբեջանցիների և հայերի համար ազգային լեզվի և կրթության խնդիրն առավել սկսեց անհանգստացնել, երբ Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերի թարգմանությունն ու հրատարակությունն սկսվեց իրականացվել Վրաստանի կառավարության միջոցով, որը սակայն փոքրամասնությունների ներկայացուցիչների հավաստմամբ` արվում է անորակ:

«Եթե միայն կարողանաք պատկերացնել, թե դասագրքերն ի~նչ սարսափելի են թարգմանված հայերեն և ադրբեջաներեն, դրանք ոչ մի կերպ չեն համապատասխանում բնագրին»,- ասում է Վրաստանում հայ համայնքի մամուլի քարտուղար Մարի Միկոյանը` հավելելով, որ հայկական դպրոցները փակվում են հիմնականում կադրերի պակասի հետևանքով. «Հնարավոր չէ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը միաժամանակ դասավանդի նաև ֆիզիկա, մաթեմատիկա, ինչպես սովորաբար լինում է հայկական դպրոցներում, հետևաբար արդեն 10 տարի հետո մենք ընդհանրապես չենք ունենա հայկական դպրոց, և ոչ թե նրա համար, որ մենք կամ կառավարությունը չի ցանկանում պահել հայկական դպրոցներ, այլ պարզապես ուսուցիչներ չունենք»:

Ուսուցիչների բացակայությունից և դասագրքերի անորակությունից բողոքում են նաև աշակերտներն ու նրանց ծնողները:

«Մեր նոր դասագրքերը շատ են բարդացել, կան շատ անհասկանալի բառեր, որ նույնիսկ մամաս չի կարողանում օգնել»,- ասում է Ախալցխայի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 3 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գագիկ Մարկոսյանը, իսկ նրա մայրն էլ հավելում է. «Դպրոցում մեծ մասամբ տարիքն առած ուսուցիչներ են աշխատում, ովքեր արդեն ոչ միայն չեն կարողանում ղեկավարել դասարանը, այլև նորմալ դաս էլ չեն բացատրում»,- ասում է Կարինե Մարկոսյանը:

Դասագրքերի հետ կապված բազմաթիվ բողոքներին ի պատասխան Ախալցխայի նահանգապետ Լաշա Չկաուդան բացատրում է, որ այլ տարբերակ չկա:

«Թբիլիսին է իշխանությունը, և հնարավոր չէ այլ երկրից, ասենք` Հայաստանից, դասագրքեր բերվեն Վրաստանի տարածքում գործող դպրոցների համար»,- ասում է Չկաուդան` հավելելով, որ դպրոցներում կրթության որակ ապահովելու համար մի քանի տնօրեններ ազատվել են աշխատանքից, և շարունակվում են ուսուցիչների որակավորումը ստուգող ու գնահատող աշխատանքները:

Սակայն ազգային փոքրամասնությունները, բացի ազգային լեզվին տիրապետելու խնդրից, ունեն նաև վրացերենին տիրապետելու խնդիր, քանի որ վրացերենի չիմացության հետևանքով նրանք ոչ միայն չեն կարողանում աշխատանք գտնել, այլև տարանջատվում են հասարակությունից:

Հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլ քաղաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Զաուր Դարգալին կարծում է, որ ազգային փոքրամասնությունների` վրացերեն չիմանալու հիմնական պատճառը նրանց կոմպակտ բնակեցումն է:

«Եթե մի ամբողջ գյուղում ապրում են միայն հայեր կամ ադրբեջանցիներ և իրար հետ շփվում են իրենց ազգային լեզվով` գրեթե չօգտագործելով [վրացերեն], բնականաբար չեն էլ կարող տիրապետել այն: Սակայն այսօր երիտասարդներն արդեն հասկանում են, որ առանց լեզվի իմացության դառնում են անմրցունակ և սկսում են ակտիվորեն վրացերեն սովորել, որպեսզի կրթություն ստանան և աշխատանք ունենան»,- ասում է Դարգալին:

Ներկայումս Վրաստանի իշխանությունները ձեռնարկում են տարբեր քայլեր, որոնք նպաստում են վրացերենի ուսուցմանը, որը, ըստ նրանց` կնպաստի նաև փոքրամասնությունների ինտեգրմանը:
Մանավորապես, պետությունը պետական լեզվի ուսուցման անվճար դասընթացներ է կազմակերպում տարբեր տարիքային խմբերի համար:

Բուհերում կիրառվում է 1+4 համակարգը, որն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ազգային լեզվով ընդհանուր քննություն հանձնելով` ընդունվել բուհ, որից հետո, ուսումնական առաջին տարվա ընթացքում, սովորելով վրացերեն, հաջորդ 4 տարիների ընթացքում լինել լիիրավ ուսանող:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կարծիքով` այս բոլոր քայլերը անհրաժեշտ են և արդյունավետ:

«Եթե պետք է ապրես Վրաստանում, ուրեմն պետք է իմանաս իրենց լեզուն, եթե լեզու գիտես, կունենաս նաև աշխատանք»,- ասում է 51-ամյա Մարինե Պողոսյանը` օրինակ բերելով իր աղջկան, որը, հայկական կրթություն ունենալով, կենտրոններից մեկում սովորել է վրացերեն, այնուհետև ստացել իրավաբանի կրթություն և արդեն աշխատում է դատարանում:

«Մենք իմանում ենք իրանց լեզուն, բայց տանը խոսում ենք բացառապես հայերեն և պահպանում ենք մեր հայկական ավանդույթները»,- ասում է Պողոսյանը: