Վիրտուալ համալսարան. աշխարհասփյուռ հայերի համար ՀԲԸՄ ծրագիրը գործունեության երկու տարում ապացուցեց իր արդյունավետությունը

Վիրտուալ համալսարան. աշխարհասփյուռ հայերի համար ՀԲԸՄ ծրագիրը գործունեության երկու տարում ապացուցեց իր արդյունավետությունը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորեց ՀԲԸՄ –ի Հայկական վիրտուալ համալսարանի տարեդարձը:

Առաջին և առայժմ միակ հայկական վիրտուալ համալսարանն իր գործունեության երրորդ տարվա սկզբին մասնագետները և ուսանողները գնահատում են որպես «հայ մնալու միակ միջոց» աշխարհասփյուռ հայերի համար, որոնց այն հնարավորություն է ընձեռում ցանկացած վայրում ինտերնետի միջոցով սովորելու հայոց լեզուն, հայոց պատմությունն ու մշակույթը` ծախսելով քիչ ժամանակ և չնչին գումար:

2009-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) (աշխարհում ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունը) նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ ստեղծված հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) արդեն ունի 1300 ուսանողներ մոտ 50 երկրներից, ովքեր մուլտիմեդիա դասախոսությունների, ինտերակտիվ քարտեզների, տեսանյութերի ու ֆորումների միջոցով ստանում են ամբողջական կրթություն երեք ֆակուլտետներում (հայոց լեզու, պատմություն, մշակույթ)`անկախ տարիքից, բնակության վայրից և գիտելիքների մակարդակից:

Իսպանիայում ծնված Աստղիկ Բաղդոյանի համար, որն ապրում է Ալիկանտե քաղաքում, որտեղ ո´չ հայկական դպրոց կա, ո´չ էլ ձևավորված համայնք, համալսարանը հայերեն և հայոց պատմություն ուսանելու միակ հնարավորությունն էր:

«Միայն այս վիրտուալ համալսարանն է, որու շնորհիվ կրցա հայերեն սորվիլ ու մաքուր հայերեն սորվեցնիլ նաև իմ երեխաներուն: Այլ տարբերակ չունիմ, հոս դպրոց չկա, գրքեր ալ չկան, իսկ համալսարանի ծրագրերն այնքան հարմար են, դյուրին, որ շատ ժամանակ ալ չես ծախսիլ»,- ասում է 32-ամյա Աստղիկը:

Համալսարանի տարածման աշխարհագրությունը բավական ընդարձակ է`ԱՄՆ-ից Ռուսաստան, Հարավային Աֆրիկայից մինչև Վենեսուելա, Արգենտինայից մինչև Ռեունիոն կղզի: Տարբեր է նաև ուսանողների տարիքը. մեծ մասը 20-50 տարեկան են, սակայն մոտ 10 տոկոս են կազմում նաև 51-60 տարեկանները, անգամ 3 տոկոսը 70 տարեկանից բարձր է:

«Նման ընդարձակ աշխարհագրությունն ապացուցում է, որ կա վիրտուալ համալսարանի կարիքը: Սա հայապահպանության գործում իրապես կարևոր դեր ունեցող ձեռնարկ է, քանի որ աշխարհում սփռված հայերի միայն 5 տոկոսն ունի հայկական կրթություն ստանալու հնարավորություն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ, ՀՎՀ հիմնադիր նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը:

Համալսարանի յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 9 շաբաթ է և արժի մոտ 200 դոլարը, որը, ըստ Զորյանի, ուղղակի խորհրդանշական գումար է` զուտ ուսանողների պատասխանատվությունը բարձրացնելու համար, ինչը ողջ ծախսերի միայն 5 տոկոսն է, իսկ ամբողջ 95 տոկոսը հոգում է ՀԲԸՄ-ը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համալսարանը համարում է «լավագույն ծրագիրը հայապահպանության գործում»:

«Սա եզակի ծրագրերից է ու, թերևս, լավագույնը, որի շնորհիվ աշխարհում սփռված հայերը հայ են մնում, սա լուրջ խնդիր է այսօր»,- «ԱրմենիաՆաուին» ասում է նախարար Պողոսյանը:

Համալսարանի ուսանողների 25 տոկոսն ԱՄՆ-ից է, երկրորդ տեղում Վրաստանն է, այնուհետև` Ֆրանսիան ու Ռուսաստանը:

Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որը ներկա էր երեքշաբթի համալսարանի երկամյակին նվիրված առցանց ֆորումին, ողջունում և բարձր է գնահատում համալսարանի գործունեությունը:

«Թբիլիսիում մենք իսկապես ունենք նման հաստատության կարիք, երեխաները կորցնում են լեզուն, ձուլումն օրեցօր ավելի վտանգավոր է դառնում»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Վազգեն սրբազանը:

Ըստ Թբիլիսիի հայ համայնքի տվյալների` մայրաքաղաքում ապրող մոտ 82.000 հայերից միայն 12.000-ն են հայերեն խոսում, երեխաների 90 տոկոսը սովորում է ռուսական դպրոցներում, և չնայած հարևան երկրում են ապրում, սակայն ուսուցման քիչ հնարավորություն ունեն:

Թբիլիսցի 25-ամյա Մարինա Սարգսյանը հայերեն խոսում է դժվարությամբ, բայց մեծ ոգևորությամբ, որ կարողացել է հաղթահարել և վերջապես սովորել մայրենին:

«Սկզբում դժվար էր: Լսելով ինչ-որ բաներ` հասկանում էի, բայց խոսել չէի կարող, մեր հիմնական շփումը միշտ վրացերեն է եղել: Իսկ հիմա ուրախ եմ, որ նման հարմար ու հեշտ ծրագրով մի քանի ամսում կարողացա հայերեն սովորել»,- ասում է Մարինան:

Համալսարանում բոլոր երեք ֆակուլտետների դասընթացները մատուցվում են վեց լեզվով, այդ թվում` արևմտահայերեն և արևելահայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ձմռանը կդասավանդվի նաև թուրքերենով:

Երևանի պետական համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի լավագույն մասնագետների մշակած ծրագրերը կիրառվում են նաև տարբեր երկրներում գործող հայկական դպրոցներում` ավանդական ուսուցման հետ օգտագործելով մուլտիմեդիա դասընթացները:

«Բոլոր դպրոցներում դասագրքերի խնդիր կա, և այս մեթոդն ինչ-որ տեղ լուծում է հարցը: Արդեն մոտ 10 դպրոցներ են միացել և կիրառում են մեր ծրագրերը`ապահովելով առավել հետաքրքիր ուսուցում երեխաների համար»,-ասում է դոկտոր Զորյանը: