Երևանում 20-ամյա գործունեությունից հետո ՀԱՀ-ը բակալավրիատ կունենա

Դեռևս 1991-ին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարում իր դռները բացած Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որն առաջարկում է մագիստրոսական ծրագրեր, 2013 թվականից պատրաստվում է ներդնել նաև բակալավր որակավորմամբ մասնագետների պատրաստման կրթական ծրագրեր:

ՀԱՀ-ի ներկայացուցիչներն ասում են, որ այս ծրագրերը հնարավորություն կտան Հայաստանում ավելի շատ ուսանողների սովորել ամերիկյան համալսարանում:

Այսօր ՀԱՀ-ը մագիստրոսի կոչում է շնորհում գործարար կառավարում, ճարտարագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, առողջապահություն, իրավագիտություն, անգլերեն լեզվի մասնագիտություններով: Համալսարանի դասախոսական կազմի մեծ մասն ունի Ամերիկայի կամ Եվրոպայի համալսարաններում ձեռք բերված դոկտորի կոչում կամ ամերիկյան բարձրագույն կրթական համակարգի համապատասխան փորձ:

Դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՀ-ի նախագահ Բրյուս Պողոսյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ համալսարանը պատրաստվում է առաջիկա 6 տարիների համար մշակել ռազմավարական ծրագիր, որտեղ ներառվելու է բակալավրիատին հավասարազոր աստիճանի մեկնարկը:

«Ուզում ենք ավելացնել բակալավրիատի աստիճանը, որպեսզի կարողանանք Հայաստանից ավելի շատ երիտասարդ ուսանողների ընդգրկել և այդ հավատարմագրված կրթական համակարգը հասանելի դարձնել այստեղի ուսանողներին ևս: Միևնույն ժամանակ այս ծրագիրը հնարավորություն կտա տարեկան ընդունել 4 անգամ ավելի ուսանողների, քան այսօր»,- ասում է Պողոսյանը:

ՀԱՀ-ում ուսման վարձավճարը շուրջ 1 միլիոն դրամ է (մոտ 2700 դոլար), սակայն ուսանողների շուրջ 40%-ը բուհից ստանում է վարձավճարների զեղչեր, ընդհուպ մինչև վարձավճարի 90%-ի չափով:
«Համալսարանն անում է ամեն ինչ, որպեսզի չկորցնենք ոչ մի ուսանողի այն պատճառով, որ նա չի կարողանում ուսման համար վճարել»,- ասում է ՀԱՀ-ի նախագահը:

ՀԱՀ-ն իր աշխատանքներն սկսեց Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակահատվածում, երբ երկիրը դեռ նոր էր բռնել անկախացման ուղին և կանգնած էր բազմաթիվ խնդիրների առջև, այդ թվում` Սպիտակի ավերիչ երկրաշարժը, հարևան Ադրբեջանի հետ ազգամիջյան լարված հարաբերությունները, ԽՍՀՄ-ի և նրա տնտեսության փլուզումից հետո անկում ապրող կենսամակարդակը:

«Համալսարանը հիմնվեց, որպեսզի Գյումրու վնասված դպրոցների փոխարեն նոր կրթական օջախ լինի Հայաստանում: Եվ ծրագիրն իրականացվեց Կալիֆորնիայում ամերիկյան համալսարանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի պետության ջանքերով` մասնագետների բազմաթիվ այցելություններից ու խորհրդակցություններից հետո»,- ասում է դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՀ-ի հիմնադիր նախագահ Միհրան Աղբաբյանը:

ՀԱՀ-ն իր գործունեության 20 տարիների ընթացքում ունեցել է 2000-ից ավելի շրջանավարտ, իսկ այսօր բուհում սովորում է ավելի քան 400 ուսանող:

«ՀԱՀ-ի շրջանավարտների 75-80%-ն ապրում և աշխատում է Հայաստանում, մի մասը գտնվում է գիտական ուսումնական փոխանակման ծրագրերի մեջ, մի մասն էլ Հայաստանը ներկայացնում է միջազգային կազմակերպություններում, նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի երկրի զարգացման գործում»,- ասում է դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՀ-ի ճարտարագիտության ֆակուլտետի հիմնադիր դեկան Արմեն Տեր-Կյուրեղյանը:

Նշենք, որ «Զարգացման քսանամյակ» խորագրի ներքո ՀԱՀ-ը սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը նշում է հիմնադրման 20-ամյա հոբելյանը, որի շրջանակներում ներառված են հանդիսություններ, գիտաժողով, համերգ, ցուցահանդես: