Դիլիջանի դպրոցի շինարարությունը սկսվել է. չնայած քննադատությանը` մոսկվահայ գործարարի նախագիծը կենսունակ է

Թեև հասարակական հատվածի դժգոհությունը «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի հեղինակներին հուսահատեցրել էր, ու դեռևս անցյալ տարի նրանք տեղեկություններ էին տարածել նախագծին ձեռնամուխ չլինելու մասին, արդեն մի քանի ամիս է` Տավուշի մարզի գեղատեսիլ Դիլիջան քաղաքում մեկնարկել են դպրոցի շինարարական աշխատանքները:

Անցյալ տարի Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել հայկական սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ` Վերոնիկա Զոնաբենդը, Թիմ Ֆլինն ու Նուբար Աֆեյանը, թեև գաղափարն ավելի շատ վերագրվում է ռուսաստանցի ամենահայտնի հայ գործարարներից մեկին` «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ ՌուբենՎարդանյանին:

Հանդիպելով «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության սուր քննադատությանը` նախագծի հեղինակները բացատրել էին, որ դպրոց հիմնելու գաղափարը «Հայաստան-2020» ծրագրի մի մասն է և միտված է Հայաստանի «բարգավաճմանն ու զարգացմանը»:

Այս տարվա հուլիսի 1-ից նախաձեռնող խումբը ստացել է դպրոցի օժանդակ շինությունները կառուցելու թույլտվություն:

«Քանի որ դպրոցի շինարարությունը խոշոր նախաձեռնություն է, նրանք առայժմ փուլային շինթույլտվություն են ստացել` կաթսայատուն, կոմունիկացիոն ու ջրահեռացման համակարգեր, հիվանդանոցային մասնաշենք կառուցելու համար»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Դիլիջանի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանը:

«Բուն դպրոցի շենքի շինարարության թույլտվությունը դեռ չի տրվել: Ներկայումս դպրոցի շենքի նախագծերն ավարտման փուլում են, ու երբ դրանք ներկայացվեն քաղաքապետարան, կխոսենք արդեն այս փուլի մասին»,- հավելեց Դանիելյանը:

Նախատեսվում է, որ դպրոցում սովորելու է 13-18 տարեկան 600 աշակերտ, որոնցից մոտ 200-ը` Հայաստանի քաղաքացիներ: Գաղափարն այն է, որ դպրոցի շրջանավարտներին միզազգային բակալավրի դիպլոմներ տրվեն, որոնք ընդունվում են աշխարհի համալսարանների մեծամասնության կողմից: Ծրագրի իրագործման համար ներդրվելու է ավելի քան 60 մլն դոլար:

Մեկնաբանելով դպրոցի գաղափարը քարկոծելու անցյալ տարվա դեպքերը` Վարդանյանը հայտարարել էր, որ այն ի սկզբանե սխալ էր հասկացվել ու մեկնաբանվել:

«Կարծում եմ` այստեղ կա մեր մեղավորությունը, որ հասարակությունը մեզ սխալ է հասկացել: Մենք ընդամենը մասնավոր միջազգային դպրոց ենք կառուցում, որտեղ պետք է սովորեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաև արտասահմանցիներ, և, ինչպես ընդունված է ամենուր, կրթությունն այդ դպրոցում անգլերեն լեզվով է լինելու, հակառակ դեպքում` արտասահմանցու չես բերի Դիլիջան»,- սեպտեմբերի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Վարդանյանը:

Հայտնի գործարարը հույս է հայտնել, որ դպրոցը կսկսի գործել 2013 թվականի սեպտեմբերից:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, միևնույն ժամանակ, ծրագիրն աննախադեպ է գնահատում քաղաքի զարգացման համար. «Դիլիջան քաղաքում կառուցվում է միջազգային դպրոց։ Կարելի է ասել՝ քաղաքի մեջ փոքրիկ քաղաք է կառուցվում»։

Իսկ բնապահպաններն անհանգստանում են, որ դպրոցին 67 հա անտառային տարածք է հատկացվել «Դիլիջան» ազգային պարկից:

«Հենց ազգային պարկի անտառների տակ` շինհրապարակում, արդեն ծանր տեխնիկա է աշխատում, տարածքը հարթեցվում է և մաքրվում: Քաղաքապետարանը շինթույլտվությունը տրամադրել է` առանց հասարակական լսումների, ինչն ինքնին անօրինական է»,- ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Մինչդեռ Դիլիջանի գլխավոր ճարտարապետը հավաստիացնում է, որ «Դիլիջան» ազգային պարկում շինարարարություն չի իրականացվում: