Ողջունում են Քոթլերին. մարքեթինգի հայրը Հայաստանում է գործարարների և ուսանողների համար դասախոսություններ կարդալու նպատակով

Միջազգային ճանաչում ունեցող մարքեթինգի խորհրդատուն Հայաստանում է և հանդես կգա դասախոսություններով, որոնց մասնակցելու են եկել նաև արտերկրից:

ԱՄՆ հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի 80-ամյա պրոֆեսոր Ֆիլիպ Քոթլերը Երևան այցի սկզբում խոսել է Հայաստանի մայրաքաղաքում կենտրոն բացելու ծրագրերի մասին:

Երեքշաբթի պրոֆեսոր Քոթլերին ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարգսյանն իր հյուրին ասել է. «Ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա մեր երկրում մարքեթինգի զարգացմանը: Մեր կարևորագույն խնդիրներից մեկն այսօր կառավարման համակարգի արդիականացումն է: Այդ համատեքստում Ձեր դասախոսությունները կարող են մեծապես նպաստել մեր աշխատանքների լավագույնս իրականացմանը»:

Ի պատասխան Քոթլերն ասել է, որ Հայաստանում առկա են մարքեթինգի զարգացման լավ նախադրյալներ, և անհրաժեշտ է ճիշտ ու հետևողական քաղաքականություն վարել:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում մարքեթինգային գերազանցության կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել օժանդակել կենտրոնի ստեղծման գործում:

Քոթլերը Հայաստան կատարած մեկշաբաթյա այցի ընթացքում սեմինարներ է անցկացնում գործարարների և ուսանողների համար:

Քոթլերը երկրորդ համաշխարհային ճանաչում ունեցող դեմքն է, որը վերջին օրերին այցելել է Հայաստան: Անցյալ շաբաթ երկրում էր մեկ այլ ամերիկացի` Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, որը վաղամեռիկ Սթիվ Ջոբսի և Ռոնալդ Վեյնի հետ նախաձեռնել է անհատական համակարգիչների հեղափոխությունը 1970 թ.: Հայաստանում Վոզնյակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից ստացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թ. մրցանակը:

Հույս կա, որ երկու այցերը կնպաստեն Հայաստանի ճանաչմանը համաշխարհային ավելի լայն գործարար ոլորտում: