Հայոց եկեղեցու պատմությունն այժմ բրայլով հասանելի է տեսողության տարբեր աստիճանի խանգարումներով դպրոցականների համար

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացնում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի բրայլյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր:

Նոյեմբերի 14-ին կույրերի միջազգային օրվա առթիվ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող թիվ 14 դպրոցում, որտեղ սովորում են տեսողության տարբեր աստիճանի խանգարումներով և կույր մոտ 100 (հիմնականում անապահով ընտանիքների) երեխա Երևանից, Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից, ներկայացվեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրայլյան տարբերակը:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան անցնում են 4-10-րդ դասարաններում:

Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրայլյան տարբերակով: