Խաբեության աստիճա՞ն. ուսանողները դեռևս իրենց դիպլոմներին են սպասում բուհից, որի լիցենզիան կասեցվել է

Կրթության և գիտության նախարարությունը և Երևանի «Գալիք» համալսարանի ղեկավարությունը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել բակալավրի դիպլոմ ստանալու հնարավորությունից զրկված 51 ուսանողների խնդրի առնչությամբ: Խնդիրը շուտով, ինչպես հայտարարել է «Գալիք» համալսարանի ղեկավարությունը, կտեղափոխվի դատական հարթություն:

Թեև համալսարանի կառավարման ֆակուլտետի 51 ուսանողներ հանձնել են պետական ավարտական քննությունները, սակայն վեց ամսից ավելի է` չեն կարողանում ստանալ իրենց դիպլոմները, քանի որ պարզել են, որ վերջին մեկ տարում սովորել և ուսման վարձ են վճարել մի ֆակուլտետում, որի լիցենզիան կրթության և գիտության նախարարությունը 2010 թվականին կասեցրել է: (Համալսարանի ուսման վարձը 182.000 դրամ (500 դոլար) է: Համալսարանը պնդում է, որ նախարարությունը կասեցրել է ոչ թե կառավարման ֆակուլտետի բակալավրիատի (4 տարի), այլ դիպլոմավորված մասնագետների, այսինքն` 5-ամյա կրթության լիցենզիան:)

Համալսարանի պրոռեկտոր Գևորգ Հարությունյանը պնդում է, որ իրենք սահմանված ժամկետում չեն ստացել ԿԳՆ որոշումը, համաձայն որի պետք է կասեցվեր բակալավրիատի լիցենզիան, և, համաձայն օրենքի, այս պարագայում լիցենզիայի կասեցումն ավտոմատ կերպով համարվում է վերացված: Նախարարությունն էլ պնդում է, որ իրենք սահմանված ժամկետում պատասխանել են «Գալիքի» բոլոր հարցումներին և դիմումներին, ուղղակի ռեկտորն արհամարհել է նախարարության որոշումը և շարունակել այս ֆակուլտետում ուսուցումը` ուսման վարձից չզրկվելու համար:

Վերջին երկու տարիների ընթացքում ԿԳՆ-ն 30-ից ավելի բուհ կամ ֆակուլտետ է փակել, և այդ ընթացքում այնտեղ սովորող ուսանողները տեղափոխվել են նույն մասնագիտության ուսուցումը կազմակերպող մեկ այլ բուհ: Եթե այս 51 ուսանողները պատշաճ կարգով տեղեկացված լինեին, ապա նրանք ևս կկարողանային շարունակել ուսումն այլ բուհում:

Հինգշաբթի կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այս խնդրին, ասաց թե «Գալիքի» դեպքը ցնցող է իր հանդգնությամբ»:

«51 երեխայի ճակատագրի հետ պատրաստ են խաղալ, ինչ է թե նրանցից գանձեն ուսման վարձը, հետո էլ դիպլոմի փող հավաքեն: Մի խոսքով, եթե նրանք, իրոք, դատարան դիմեն, ես մեծ հաճույքով անձամբ կգնամ մի քանի նիստերի և բազմաթիվ ուրիշ բաներ նույնպես պատրաստ եմ հրապարակել»,- ասաց Աշոտյանը: