Վիրտուալ գրադարան. հայ գիտնականները համաշխարհային գիտական գրականությունից օգտվելու հնարավորություն ունեն

Չորեքշաբթի Երևանում կայացել է «Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագրի շնորհանդեսը, որը ներառում է մասնագիտական ավելի քան 3 միլիոն հոդված, ինչպես նաև ՄԱԿ-ի Research4Life ծրագրի 8100 էլեկտրոնային ամսագրեր, գրքեր և տվյալների շտեմարան:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծել է, որ նման էլեկտրոնային գրադարանի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է, քանի որ հայ գիտնականներն այսօր ի վիճակի չեն բաժանորդագրվելու գիտական ամսագրերի, իսկ այժմ նրանք այս չափի հետազոտական գրականությունից առցանց օգտվելու հնարավորություն ունեն:

«Հայկական վիրտուալ գիտական գրադարանը նաև նպաստում է էլեկտրոնային ամսագրերի զարգացմանը Հայաստանում, որոնք ավելի հասանելի են ու ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում»,- ասել է Մարտիրոսյանը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ մինչև 2015 թ. համաշխարհային գիտական գրականության 70-80%-ը հասանելի կլինի հայ գիտնականներին: Նրա խոսքով` այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, ու արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:

«Հայկական վիրտուալ գիտական գրադարան» ծրագիրը հնարավորություն կտա նաև օտարերկրյա գիտնականներին ներկայացնել հայկական գիտական ամսագրերը և հայ գիտնականների ձեռքբերումները»,- նշել է Հարությունյանը: