Սառը դաս. դպրոցականները վայելում են իրենց հանգիստը, քանի որ արձակուրդը երկարացվել է անբավարար ջեռուցման պատճառով

Հայաստանի ավելի քան 500 դպրոցներում որոշել են գարնանային արձակուրդի հաշվին ևս մեկ շաբաթով երկարացնել ձմեռային արձակուրդը, քանի որ անգամ ջեռուցման պայմաններում ուսումնական հաստատություններում ջերմաստիճանը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին:

Դեռևս անցած տարեվերջին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել էր մարզպետներին ու Երևանի քաղաքապետին, որ Հայաստանի ԿԳՆ-ն չի առարկում, «որ սովորողների գարնանային արձակուրդը, անհրաժեշտության դեպքում, միացվի ձմեռային արձակուրդին` նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները»:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով` Երևանում ներկայումս գործում է 201, իսկ հանրապետության մարզերում` 1163 հանրակրթական դպրոց, որոնց մի մասը դեռ վերանորոգման ու ջեռուցման համակարգի տեղադրման կարիք ունի:

Ինչպես անցյալ տարվա կեսին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայումս Հայաստանի շուրջ 500 հանրակրթական դպրոցներ վերանորոգման կարիք ունեն: «Այս հարցը համարվում է մեր մարզերի առաջնահերթ խնդիրներից մեկը»,- նշել էր վարչապետը:

Թեև մարզերի որոշ դպրոցներում ջերմաստիճանը չի համապատասխանում պահանջվող` ըստ Ցելսիուսի +17 աստիճանին (62,6` ըստ Ֆարենհայթի), այնուամենայնիվ որոշել են չերկարացնել արձակուրդը:

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Թամարա Բաղդասարյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ մանկխորհրդի նիստում որոշել են չերկարացնել ձմեռային արձակուրդը:

«Հետո պիտի լրացուցիչ դասաժամերով աշխատենք, քանի որ ուսուցիչներին անհրաժեշտ է գարնանային արձակուրդը գարնանացանի համար: Մենք արդեն դասի ենք, այսօր էլ եղանակն ավելի տաք է, վառարաններն էլ վառել ենք, այնպես որ պիտի աշխատենք»,- մանրամասնեց Բաղդասարյանը: