Մտահոգություններ ժողովրդագրության շուրջ. ընտրովի աբորտը խախտո՞ւմ է սեռերի հարաբերակցությունը:

Մտահոգություններ ժողովրդագրության շուրջ. ընտրովի աբորտը խախտո՞ւմ է սեռերի հարաբերակցությունը:

Ֆոտոլուր

Եվրախորհուրդն ահազանգում է, որ Հայաստանում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ, որը հակասում է բնության սահմանած համաչափությանն ու «լուրջ կասկածների տեղիք տալիս», որ երկրում կատարվում են սեռով պայմանավորված աբորտներ, ինչը հանգեցնելու է «սոցիալական, ժողովրդագրական լուրջ հետևանքների»:

Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդի խոհրդարանական վեհաժողովն ընդունեց «Նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության» մասին բանաձևը, որը փաստում է, որ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Ալբանիայում սեռի ընտրությունը հասել է «տագնապալի անհամաչափությունների»:

Միջազգայնորեն հաստատվել է, որ բնականորեն տղաներ ավելի շատ են ծնվում` 105-106 տղային 100 աղջիկ հարաբերակցությամբ, բայց տղա երեխաներն ավելի շատ են մահանում, քան աղջիկները, ինչի արդյունքում չափահաս տարիքում բնակչության սեռային կազմը դառնում է մոտ 50/50:

Սակայն Հայաստանում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ 2010 թ. ծնվել է մոտ 3000 տղայով ավելի, քան աղջիկ, այսինքն` ստացվում է 100/114 հարաբերակցությունը, ինչը գերազանցում է սահմանված նորմը 9-ով: Հայաստանում գրանցված միջին հարաբերակցությունը ԵԽԽՎ բանաձևում նշվում է 100/112-ին:
Այսօր Հայաստանում կանանց թիվը մի փոքր ավելի է`51,5 տոկոս, սակայն եթե չկանխվեն ընտրովի աբորտները, ժողովրդագիրները շեշտում են, որ երկու տասնամյակ անց Հայաստանը կունենա կանանց «դեֆիցիտ»:

«Մոտ տասը տոկոսի շեղում է առկա, այս թվերից ելնելով կարելի է պարզ հաշվարկել, որ, ասենք, 20 տարի հետո մենք կունենանք առնվազն 15.000-ով պակաս կին, այսինքն` 30.000 ավելի պակաս ծնունդներ: Մեր հասարակության համար, որը կանգնած է լուրջ ժողովրդագրական խնդիրների առաջ, կորցնել աղջիկ երեխաների, որոնք պոտենցիալ մայրեր են, լուրջ մտորելու խնդիր է»,-ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

ԵԽԽՎ բանաձևով կոչ է արվում երկրի ողջ տարածքում «քննել ծնելիության սեռական համամասնության թեքվող կորի հիմքերն ու պատճառները» և ավելացնել ջանքերը «հասարակությունում կնոջ դերն ամրապնդելու ուղղությամբ»:

Նման հետազոտություն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը արդեն իսկ ձեռնարկել է, և տարեվերջին կլինեն արդյունքները, որոնք, ըստ Հայրապետյանի, հստակ ցույց կտան, թե որքա՞ն է կազմում բնական համամասնության շեղումը:

Հայաստանում տղա երեխայի դերը ավանդաբար բարձր է, այդ մասին են վկայում անգամ բանահյուսության մեջ առկա թևավոր խոսքերը` «Իսկական տղամարդը տղա կունենա», «Տղա՞ ես, թե՞ աղջիկ», որը նշանակում է` լա՞վ ես, թե՞ վատ, տվյալ դեպքում` աղջիկը վատ իմաստ ունի և այլն:
Սակայն նման`մոտ 10 տոկոսի շեղում սկսեց գրանցվել վերջին 10 տարում, ինչը մասնագետները պայմանավորում են տեխնիկայի զարգացմամբ:

«Այն ժամանակ, եթե տղա էին ուզում, ուղղակի ունենում էին այնքան երեխա, մինչև տղա ծնվեր, քանի որ չէին կարող նախապես իմանալ սեռը: Սակայն հիմա, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, այս խնդիրն ի հայտ եկավ, քանի որ բոլորն էլ ուզում են ունենալ երկու սեռի երեխա, բայց շատ երեխա ունենալ չեն կարող»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն արգելված չէ, սակայն համաձայն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի` այն թույլատրվում է միայն մինչև հղիության 12-րդ շաբաթը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 10.000 աբորտ` բեղմնավորված ծնունդների մոտ 16 տոկոսը, սակայն մասնագետները շեշտում են, որ իրական թվերն ավելի բարձր են, քանի որ արվում են 12-րդ շաբաթից հետո, երբ հնարավոր է դառնում պարզել պտղի սեռը, իսկ դրանք չեն գրանցվում` անօրինական լինելու պատճառով:

Հայ-ամերիկյան առողջության մամոգրաֆիայի կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Ավագյանի փորձը ցույց է տվել, որ արհեստական ընդհատումների մեծ մասը պայմանավորված է երեխայի սեռով.

«Հայկական մտածելակերպ է` պարտադիր տղա ունենալ, չնայած լինում են նաև տղայի աբորտներ, բայց աղջիկներինը, իհարկե, գերակշռում են»,- ասում է Նելլի Ավագյանը:

Բանաձևում ԵԽԽՎ փորձագետները նշում են, որ ընտրովի աբորտների հետևանքով առաջացած տղամարդու և կնոջ քանակական անհավասարությունը հանգեցնում է լուրջ խնդիրների. «Տղամարդկանց համար առաջանում են կին փնտրելու դժվարություններ, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների լուրջ խախտումների, ինչպիսիք են, օրինակ` ստիպողական մարմնավաճառությունը, ամուսնության կամ սեքսուալ շահագործման նպատակով կատարված թրաֆիքինգը` բերելով հանցագործության աճ և սոցիալական լարվածություն»:

Ըստ փորձագետների` այս խնդիրներն արդեն իսկ առկա են Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ երեխաների թվի սահմանափակումը հանգեցրեց համաչափության խախտման, օրինակ` Չինաստանում չափահաս տղամարդիկ մոտ 15 մլն-ով ավելի են, իսկ մինչև 20 տարեկանների շրջանում տարբերությունն արդեն իսկ հասնում է 32 մլն-ի:
Բանաձևի նախագծում հեղինակներն անգամ կոչ էին անում ուղղակի «չտրամադրել պտղի սեռի վերաբերյալ տեղեկությունը», սակայն մտավախություն կար, որ արգելումը կստեղծի հավելյալ կոռուպցիոն ռիսկեր, և վերջնական փաստաթղթում խորհուրդ է տրվում վերապատրաստել բժշկական անձնակազմին, որպեսզի ընկալվի խնդրի կարևորությունը և «պտղի մասին տեղեկությունը տրամադրվի դրական լույսի ներքո, անկախ սեռից»:

«Այս հարցի լուծումը մի քանի ուղղությամբ պետք է իրականացվի. նախ` փոխվի հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ: Ի վերջո, երբ անընդհատ շեշտվում է, որ մեզ զինվորներ են հարկավոր, հիշենք, որ այդ զինվորներին ծնող մայրեր են պետք»,- ասում է Հայրապետյանը: