«Ազատություն» ռ/կ. նախագահի գլխավոր ռազմական տեսուչը աղմկահարույց տեսանյութի տարածումը բացասական չի համարում

«Ազատություն» ռ/կ. նախագահի գլխավոր ռազմական տեսուչը աղմկահարույց տեսանյութի տարածումը բացասական չի համարում

Ֆոտոլուր

Միքայել Հարությունյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը հինգշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ պաշտպանության նախարարությունը հետևություններ կանի YouTube ցանցում տեղադրված աղմկահարույց տեսանյութից։


Գեներալ Միքայել Հարությունյանը «անընդունելի» համարեց տեսահոլովակում տեղի ունեցածը։ Բջջային հեռախոսով նկարահանված և ինտերնետային կայքերում տարածված այդ տեսանյութում մայոր Սասուն Գալստյանը ծեծի և ստորացումների է ենթարկում շարքային զինծառայողներին։

«Այդպիսի սպաներն իրավունք չունեն տեղ ունենալ բանակում։ Դրա համար պետք է լավ ուսումնասիրվի տեսանյութը, որովհետև կան նաև սպաներ, որոնք, իհարկե, 90-ականների սկզբին իրենց լավ են ցուցաբերել մարտի դաշտում, բայց հետագայում իրենք այդպիսին են դարձել»,- նշեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

Միքայել Հարությունյանը նշեց, որ աշխարհում չկա այնպիսի բանակ, որտեղ չլինեն նման դեպքեր, սակայն, նրա համոզմամբ, այդպիսի զինվորականների թիվը հայկական բանակում շատ քիչ է, և շուտով բանակը ամբողջովին կմաքրվի այդպիսի մարդկանցից։

«Ես համոզված եմ, որ հրամանատարությունը չի իմացել` ինչպիսի սպա է ծառայում այնտեղ։ Եթե իմացել են և քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ազատվեն այդպիսի սպայից, իհարկե, նրանք պետք է պատասխան տան»,- հավելեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։

YouTube ցանցում աղմկահարույց տեսանյութի տարածումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր. «Նախարարությունը խստագույն դատապարտում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որևէ անօրինական բան կա՞ հարբած սպայի կողմից զինվորին ծեծի ենթարկելու փաստն արձանագրելու և ինտերնետով տարածելու մեջ, գեներալ Միքայել Հարությունյանը, ով ժամանակին զբաղեցրել է նաև պաշտպանության նախարարի պաշտոնը, ասաց, թե ինքը դրանում բացասական բան չի տեսնում։

«Ավելի լավ էր, իհարկե, իսկույն զեկուցեին իրենց հրամանատարներին, որ հրամանատարները քայլեր կատարեին, որպեսզի չթույլատրվեր այդպիսի դեպքեր։ Բայց որ տարածվել է այդ տեսանյութը, ես դրանում ոչինչ բացասական չեմ տեսնում։ Միգուցե դա ավելի կօգնի, որպեսզի բանակի վերնախավը լավ աշխատի»,- կարծիք հայտնեց նախագահի գլխավոր ռազմական տեսուչը։