Ուշացած քայլ. սոցիալական ցանցում ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել

Ուշացած քայլ. սոցիալական ցանցում ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել



Հայաստանի մարզերից մեկում երիտասարդ կնոջ մահից հետո իրավապաշտպան կազմակերպություններն ու սոցիալական ցանցում ստեղծված խումբը պահանջում են ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք: Նախաքննության տվյալներով` կինը մահացել է ամուսնու և սկեսրոջ ծեծի պատճառով:


Երկկողմանի ծնողազուրկ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, որը 18 ամսական մեկ երեխայի մայր էր, գանգուղեղի հեմատոմայով, մատի կոտրվածքով և մարմնի տարբեր հատվածների արյունազեղումներով հոկտեմբերի 1-ին հիվանդանոց տեղափոխելուց հետո մահացել է: Չնայած մահից առաջ նա ասել է, թե ընկել է, հարևաններն ու քույրը պնդում են, որ կինը մահացել է ընտանիքի անդամների ձեռքով:

Ավելի ուշ ոստիկանությունից հաղորդել են, որ Պետրոսյանի 30-ամյա ամուսինը կնոջ մահվան գործով ձերբակալվել և հարցաքննվում է:

Դեպքը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում: Իրավապաշտպան կազմակերպություններն ու սոցիալական ցանցում ստեղծված խումբը ստորագրահավաք են կազմակերպել` պահանջելով ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք: Նրանք հույս ունեն, որ օրենքի ընդունումը որոշ չափով կկանխի նման դեպքերը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում, որի տակ արդեն ստորագրել է մոտ 3000 մարդ, պահանջվում է առավել լուրջ ուշադրություն ցուցաբերել ընտանեկան բռնության խնդրին Հայաստանում:

«Մեր լռությունը հաստատում է նման դեպքերի բնականոն լինելը հայ հասարակությունում և թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն»,- ասված է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ և «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ տարածած հայտարարության մեջ:

Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում միավորել ուժերը` ապահովելու այս դեպքի հետաքննության և դատավարության հրապարակայնությունը, և միանալ ստորագրահավաքին` http://www.thepetitionsite.com/1/armenia-must-pass-domestic-abuse-law կայքում:

Ստորագրահավաքը նախաձեռնել է ԱՄՆ-ում ապրող Սիմոն Մաղաքյանը, որը վստահ է, թե Պետրոսյանի ճակատագրին Հայաստանում շատերն են արժանանում, և պետության լռությունը հետագայում լուրջ հետևանքների կհանգեցնի:

Թե իրականում որքա´ն է ընտանեկան բռնությունը Հայաստանում տարածված, պարզելը դժվար է, քանի որ շատերը գերադասում են լռել:

Ըստ Amnsety International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թ. հետազոտության տվյալների` տասը հայ կանանցից ավելի քան երեքը ընտանիքում ենթարկվում են ֆիզիկական բռնության, իսկ նրանց մոտ 66%-ը` հոգեբանական ճնշման:

«Չնայած սրանք սառցալեռան միայն երևացող մասն են, քանի որ կանայք հաճախ լռում են»,- կարծում է կազմակերպության փորձագետ Լորենս Բրոերսը:

Պետրոսյանի սպանության մեղադրանքով ամուսինը` պայմանագրային զինծառայող, խաղաղապահ ուժերում ընդգրկված Յանիս Սարկիսովը, այժմ ձերբակալված է:

Սակայն սպանվածի քույրը`Հասմիկ Պետրոսյանը, մտավախություն ունի, որ գործը «կոծկելու են»: Նա ասում է, որ Զարուհին, ամուսնու հետ ապրելիս, անընդհատ բռնության է ենթարկվել:

«Ոստիկանությունում, որ պատմում էինք ծեծերի մասին, անընդհատ ասում էին` դե դա կարևոր չի, իսկ ինչո՞ւ, քանի որ անտե՞ր ենք: Մի անգամ դիմել ենք ոստիկանություն, ամուսնուց ստորագրություն են վերցրել, որ էլ չի ծեծելու, դա հարցի լուծո՞ւմ է: Եթե պետականորեն աջակցություն լիներ, քույրս հիմա ողջ կլիներ»,- զայրանում է Հասմիկը:

Նա պատմում է, որ շատ հաճախ ամուսինը շեշտել է, որ «ինչքան ուզեմ` կծեծեմ, մեկ ա, անտեր ես, ո՞վ ա պաշտպանելու»:

Անպաշտպան Զարուհին բաժանվել է և մի քանի շաբաթ ապաստան է գտել քրոջ ընտանիքում, սակայն ամուսինն այնքան է սպառնացել, որ կգա ու կսպանի և´ նրան, և´ քրոջ ընտանիքին, որ կինը ստիպված է եղել վերադառնալ` Հասմիկի ընտանիքը վտանգի չենթարկելու համար:

Իրավապաշտպանները պնդում են, որ եթե օրենք լիներ, ու պետական միջոցներով ստեղծված լինեին ապաստարաններ, ապա ոստիկանությունը նրան կուղղորդեր ապաստարան, և ամուսինն այլևս չէր կարողանա սպառնալ:

Հայաստանում այժմ գործում է միայն «Կանանց իրավունքների կենտրոնի» ապաստարանը, որի մասին քույրերը չեն իմացել: Թեև երկու տարի առաջ պետությունը բյուջեով ապաստարանների ստեղծման համար գումար էր նախատեսել, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով այն կրճատվեց և չի ներառվել նաև 2011թ. բյուջեում:

Չնայած բարձրացված աղմուկին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնախնդիրների բաժնի պետ Արմինե Թանաշյանն ասում է, որ պետությունը քայլեր անում է:

«Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգին», որի շրջանակներում ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` մշակելու գենդերային հավասարության ազգային քառամյա ծրագիր: Դա մեծ առաջընթաց է, և օրենքն էլ առաջիկայում կմշակվի ու կընդունվի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Թանաշյանը: