Մամուլի ազատություն. ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցի` Հայաստանը բարելավել է իր դիրքերը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա մամուլի ազատության ցուցիչը, որում Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ 10 կետով բարելավել է իր դիրքերը` 111-ից բարձրանալով 101-րդ տեղ:


Այս ցուցիչը կազմելու համար «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը (Ֆրանսիայում հիմնված կազմակերպություն, որը զբաղվում է մամուլի ազատության պաշտպանությամբ) պատրաստել էր 43 չափանիշներից բաղկացած հարցաթերթիկ, որը գնահատում է յուրաքանչյուր երկրի մամուլի ազատությունը, ներառյալ ուղղակիորեն լրագրողների (ինչպես, օրինակ` սպանություններ, բանտարկություն, ֆիզիկական հարձակումներ ու սպառնալիքներ) և լրատվամիջոցների (գրաքննություն, թերթի հրապարակումների բռնագրավում, խուզարկություն և բռնություն) դեմ բռնության ցանկացած տեսակ:

«Եվրոպան ընկել է իր պատվանդանից, սակայն դեռ իշխում է բռնատիրությունը» (Europe falls from its pedestal, no respite in the dictatorships) վերնագրով զեկույցում, որում ընդգրկված է 178 երկիր, Հայաստանի հարևան Վրաստանը հայտնվել է 99-րդ տեղում` անցյալ տարվա համեմատությամբ նահանջելով 18 կետով: Ադրբեջանը ցուցակում 152-րդ տեղում է (անցյալ տարի` 146-րդ):

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է նրանով, որ 2008-2009-ի համեմատությամբ նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը, նվազել են նաև տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը: Մելիքյանը կարծում է, որ մամուլի ազատության ցուցիչի բարելավումը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանում «Վիրավորանքի և զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացման նախագծի մշակմամբ:

«Սակայն Հայաստանը տարիներ շարունակ պիտի 10 միավորներով բարելավի իր դիրքերը, որպեսզի գոնե հայտնվի մամուլի ազատության մակարդակով կիսաազատ երկրների շարքում»,- ասում է Մելիքյանը` ավելացնելով, որ բարելավումը նաև պայմանավորված է քաղաքական հանգիստ իրավիճակով:

http://en.rsf.org/press-freedom-index-2010,1034.html