Սպանություն` Աստծո անունով. որդին ասում է, որ սպանել է ծնողներին Եհովայի պատվիրանով

Սպանություն` Աստծո անունով. որդին ասում է, որ սպանել է ծնողներին Եհովայի պատվիրանով


Հայաստանում աղանդավորների թիվը հասնում է մոտ 368 հազարի:

Երկու ծնողների դաժան սպանությունը իրենց որդու ձեռքով, որը «Եհովայի վկա» աղանդավորական կազմակերպության անդամ է, հասարակական բուռն քննարկումների տեղիք է տվել Հայաստանում:


23-ամյա Արման Թորոսյանը սպանել է ծնողներին` 64-ամյա Խաչիկ և 57-ամյա Մարիետա Թորոսյաններին Սևանի իրենց բնակարանում` կատարելով, իր խոսքով, Եհովա աստծո պատվիրանը:


Քր. օր.-ի «Սպանություն` երկու կամ ավելի անձանց» հոդվածով քրեական գործ է հարուցվել Սևան քաղաքում:

Մարդասպան երիտասարդին նշանակել են նաև հոգեբուժական փորձաքննություն, մինչդեռ Երևանում դժգոհությունների նոր ալիք է բարձրացել աղանդների դեմ, մասնավորապես նրանց գործունեության բացասական ազդեցությունը մարդկանց վրա:

Երեկ տեղի ունեցած «Երևան-Մոսկվա-Թբիլիսի-Կիև» հեռուստակամրջի ժամանակ քննարկվել են աղանդների ներկայացրած իրական սպառնալիքները և նրանց դեմ պայքարի ձևերը:

Ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի` այսօր Հայաստանում գրանցված են 64 աղանդավորական կամ նոր կրոնական կազմակերպություններ, իսկ շուրջ 100-ն էլ գործում են տարբեր կառույցների անվան տակ (կրթական, գիտական առողջապահական և այլն): Աղանդավորների թիվը հասնում է մոտ 368 հազարի:

«Աղանդավորական կազմակերպությունների հիմնական նպատակը մարդկանց «վերամշակումն» է: Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ, չկան անկախ կենտրոններ, որոնք կկարողանան պայքար ծավալել քարոզիչների դեմ»,-ասում է Ամարյանը:

Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի տեխնիկական պատասխանատու, հոգեբույժ Արամ Հովսեփյանն ասում է, որ աղանդավորության հողի վրա կատարված ինքնասպանություններն ու սպանությունները գնալով աճում են (սակայն չկան պաշտոնական տվյալներ):

«Նման հիվանդները ձեռք են բերում անձի կախվածության խանգարում: Ունենք սուր փսիխոզիկ խանգարումներ, որոնք մարդուն հանգեցնում են ոչ գիտակցված, ագրեսիվ գործողությունների»,- ասում է նա: