Եթերազրկված. «Ա1+»-ը, «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զայրացած են ՀՌԱՀ-ի որոշման վրա

Եթերազրկված. «Ա1+»-ը, «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զայրացած են ՀՌԱՀ-ի որոշման վրա


Հինգշաբթի` դեկտեմբերի 16-ին, չկարողանալով հաղթել հեռուստակապուղու մրցույթում, երկու ընկերությունները ցայսօր զայրացած են կառավարության ազդեցության տակ գտնվող եթերը կանոնակարգող մարմնի կայացրած որոշման վրա, ըստ որի` մրցույթում անհաջողության մատնվածները չեն ստացել թվային հեռարձակման արտոնագիր:


«Ա1+» հեռուստաընկերությունը, որը հայտնի է կառավարության հասցեին իր քննադատություններով, զրկվել էր արտոնագրից 2002 թ. և մինչ օրս մնում է եթերազրկված: Այս անգամ «Ա1+»-ը պարտվել է «Արմնյուզ» գործող հեռուստաընկերությանը: Իսկ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին պատկանող «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զիջեց մեկ այլ գործող հեռուստաընկերության` «Երևանին»:

«Ա1+» հեռուստաընկերությունն արդեն 13-րդ անգամ է մասնակցում հեռարձակման այս մրցույթին: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանն ու հանձնաժողովի մյուս անդամները 0 միավոր գնահատեցին հինգշաբթի մրցույթին մասնակցող «Ա1+»-ի հայտը: Եվ միայն հանձնաժողովի անդամ Արա Թադևոսյանը «Ա1+»-ին 2 միավոր տվեց, իսկ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը ստացավ 44 միավոր:

Եթե նախկին մրցույթներում Ամալյանը հիմնականում պատճառաբանում էր, թե «Ա1+» ներկայացրած ծրագիրն ու ֆինանսական միջոցները զիջում էին մրցակցին, ապա այս անգամ պատճառաբանությունն առավել քան լուրջ էր:

Ամալյանը հայտարարեց, թե «Ա1+»-ի ներկայացրած ֆինանսական փաստաթղթերում կեղծիքներ են հայտնաբերվել, որոնց առկայությունը, սակայն, ընկերությունը կտրականապես հերքում է:

«Բիզնես ծրագրում առկա կեղծիքները վկայում են, որ ընկերությունը հնարավորություն չունի իրականացնելու իր ծրագիրը։ Ընկերությունը նախատեսում է միջոցների ներգրավում, որը, փաստորեն, չունի»,- ասում է Ամալյանը` պարզաբանելով, որ իրենց ուսումնասիրության համաձայն` այն ընկերությունները, որոնք պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեն «Մելտեքս» ՍՊԸ-ին, գոյություն չունեն:

«Մեզ համապատասխան մարմինները տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիայում եղել է նման մի կազմակերպություն, որն իր գործունեությունը դադարեցրել է 2007 թ., իսկ 2006 թ. սառեցվել են նրա ակտիվները։
Այսինքն` վաղուց արդեն նման ընկերություն չի գործում, բայց այդ ընկերությունը պարտավորվում էր ֆինանսավորել «Մելտեքս» ՍՊԸ-ին,- հայտարարել է Ամալյանը`հավելելով, որ ինքը չի մեղադրում կեղծիքի մեջ «Մելտեքս» ՍՊԸ-ին. «Հնարավոր է` իրենց էլ են մոլորության մեջ գցել»:

Այս պատճառաբանությունը «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը համարում է «լկտի զրպարտություն»:

«Սա արդեն այլ որակի մեղադրանք է, որը հետագայում պետք է պարզել դատարանում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մովսեսյանը:

Այս մրցույթի արդյունքները «Մելտեքս» ՍՊԸ-ն պատրաստվում է կրկին բողոքարկելու դատական կարգով:

Մեկ անգամ արդեն «Ա1+»-ը ստացել է Եվրոպական դատարանի դրական վճիռը, ու երկու անգամ էլ այս հարցը բարձրացվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բանաձևերում:

2008 թ. Ստրասբուրգի դատարանը վճիռ էր կայացրել, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը, երբ ՀՌԱԿ-ը հերթական անգամ մերժեց լիցենզիա տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը:

Հինգշաբթի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսևորելով ստրուկի` իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ Դրանով անկատար մնաց նաև «Ա1+»-ին եթեր վերադարձնելու մասին Եվրոպական դատարանի որոշման իրագործումը»։

Դեռ հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն երկուսի դեպքում կար մրցակցություն` «Ա1+»-ի և «Արմնյուզի», «ԱԼՄ»-ի և «Երևանի» միջև։

Մրցույթի արդյունքներով եթերազրկվեց նաև «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը որակում է որպես «քաղաքական որոշում»:

«Վերևից ուղղորդված քաղաքական որոշում էր: Մեր փաթեթը երկու անգամ գերազանցում է «Երևան» հեռուստաընկերության ներկայացրած փաթեթին»,-ասում է Կարապետյանը, որը մասնակցել է նախագահական և ավագանու ընտրություններին և այժմ էլ չի թաքցնում առաջիկա ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը:

«Մենք 600 հազար ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ էինք ներկայացրել, իսկ «Երևան» հեռուստաընկերությունը` ընդամենը 400 հազար, մենք ունենք 13 հաղորդակ, իրենք` 1, մենք ունենք բարելավված շենքային պայմաններ և, վերջապես, մենք առաջարկում ենք 82 աշխատատեղ, իսկ նրանք` 42»,-պարզաբանում է Կարապետյանը:

Հեռուստաարտոնագրերի մրցույթը շատերը որակում են, որպես «խոսքի ազատության դեմ ուղղված մահակ», որի միջոցով վերահսկողություն է իրականացվում հեռուստաընկերությունների վրա:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` երեկ անցկացված մրցույթը «հերթական ֆարսն էր, որի արդյունքներն արդեն իսկ որոշվել էին վերևում»: