Անվճար կայանատեղի երկանիվների համար. հեծանվորդությունը խրախուսվում է Երևանում

Անվճար կայանատեղի երկանիվների համար. հեծանվորդությունը խրախուսվում է Երևանում

Photo: www.bikeplus.nor.am

Երևանի ավտոերթևեկության մարտահրավերից չվախեցող հեծանվորդները շուտով կունենան իրենց երկանիվ փոխադրամիջոցի համար հատկացված կայանատեղիներ մայրաքաղաքում:


«Հեծանիվ պլյուս» էկոմարզական հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանի երիտասարդական ծրագրերի հիմնադրամից 300 հազար դրամաշնորհ (մոտ 770 դոլար) է ստացել, Երևանում կկառուցի շուրջ 20 հեծանվային կայանատեղի:

Առաջնահերթ երկու կայանատեղի կկառուցվի Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի բակերում, որոնցից յուրաքանչյուրում ուսանողները հնարավորություն կունենան կայանելու առավելագույնը 20 հեծանիվ:

Ըստ «Հեծանիվ պլյուս» ՀԿ նախագահ Սամվել Հովհաննիսյանի՝ Հայաստանում հեծանվորդների թիվը տարեցտարի աճում է հատկապես երիտասարդների շրջանում: Արշավներին այսօր մասնակցում են կազմակերպության շուրջ 200 ակտիվ հեծանվորդներ:

Կայանատեղերում կտեղադրվեն նաև տեսախցիկներ, որպեսզի գողանալու վտանգ չլինի:

«Հեծանիվ պլյուս» կազմակերպության ակտիվիստներն ամեն շաբաթ Ծիծեռնակաբերդի բարձունքում բոլոր ցանկացողներին` առանց տարիքային սահմանափակման, անվճար սովորեցնում են հեծանիվ վարել և ծանոթացնում են երթևեկության կանոններին:

«Երբ 2006-ից մենք սկսեցինք հեծանվային շարժումը զարգացնել Երևանում, հատուկենտ մարդիկ կային, որ վարում էին, իսկ այսօր շատերն են իրենց համար հեծանիվ գնում և օգտագործում առօրյայում»,- ասում է Հովհաննիսյանը:

Երևանցի ակտիվ հեծանվորդները մասնակցում են նաև մի շարք բնապահպանական արշավների, այդ թվում՝ ի պաշտպանություն Գառնու քարերի սիմֆոնիայի, Թեղուտի անտառի, Սևանի լճի և Մաշտոցի այգու: