«Անխոհեմ» առաջարկ. Հայաստանում քննարկվում է բազմակնության օրինականացումը՝ որպես ժողովրդագրական աղետի հաղթահարման միջոց

«Անխոհեմ» առաջարկ. Հայաստանում քննարկվում է բազմակնության օրինականացումը՝ որպես ժողովրդագրական աղետի հաղթահարման միջոց

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Ժողովրդագրական աղետի շեմին կանգնած Հայաստանում խնդրի լուծման նոր առաջարկը` բազմակնությունը, փոթորիկ է բարձրացրել: Ոմանք վստահ են, որ ինչպես Իսրայելում, որտեղ ևս քննարկում են բազմակնությունը ներմուծելը` որպես մահմեդական երկրների ժողովրդագրական էքսպանսիայի դեմ պայքարի հնարավոր տարբերակ, Հայաստանը ևս պետք է դիտարկի այդ հարցը:

Հայաստանն իրապես կանգնած է ժողովրդագրական լուրջ հիմնախնդիրների առջև` ծնելիության գրեթե կրկնակի կրճատման և արտագաղթի բարձր ցուցանիշների հետևանքով: ՄԱԿ-ի կանխատեսումներով` այդ տեմպերով շարժվելու դեպքում 2050 թ. Հայաստանի բնակչությունը կկազմի 2,3-2,5 մլն մարդ, այն դեպքում, երբ Ադրբեջանի բնակչությունն այսօրվա 9 մլն-ից կդառնա 18 մլն:

Ծնելիության աճը խթանելու համար բժիշկ, հոգեթերապևտ Հարություն Մինասյանը կարծում է, որ միայն սոցիալական խնդիրների լուծումը բավարար չէ, քանի որ երկրում առկա է անպտղության բարձր ցուցանիշ և տղամարդկանց պակաս:

«Մեր երկրի համար սա չափազանց լուրջ մարտահրավեր է, պատերազմի պատճառով երկրից արտագաղթեցին հիմնականում տղա երեխա ունեցող ընտանիքները, այժմ էլ սոցիալական խնդիրները լուծելու համար երիտասարդները հեռանում են, և ստացվում է, որ վերարտադրողական տարիքի տղամարդիկ ու կանայք արդեն թվով հավասար չեն, և սա է հիմնական պատճառը, որ պետք է խրախուսել բազմակնությունը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի բժիշկ Մինասյանը:

Մինասյանի տվյալներով` վերարտադրողական տարիքի տղամարդկանց և կանանց միջև թվային մեծ տարբերություն կա, որը հետագայում հանգեցնելու է ծնելիության աճի նվազման:

«Ոչ պաշտոնական տվյալներով` 7 կնոջը բաժին է ընկնում 1 տղամարդ, այսօր մեր երկրում ապրում է մոտ 60.000 վերարտադրողական տարիքի կին (երբևէ չամուսնացածներ, ամուսնալուծվածներ և այրիներ), որոնք դեռ կարող են երեխա ունենալ, սակայն հասարակության վատ վերաբերմունքի պատճառով այդպես էլ մնում են անպտուղ կամ միայն մեկ երեխայով: Իսկ եթե բազմակնությունը խրախուսվի, նրանք կարող են օրինական երեխաներ ունենալ»,- վստահ է Մինասյանը:

Բազմակնության գաղափարի ջատագով է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով կոչ է անում «ձևական քաղքենիությունը դնել մի կողմ` հանուն ազգի գոյատևման»:

«Հայ ժողովուրդը գտնվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կրճատվող ազգերի ցուցակում, և հիմա ուղղակի պետք է շատ պրագմատիկ դատենք` հավատարի՞մ մնանք մեր քրիստոնեական արժեքներին ու վերանա՞նք, թե՞ հանուն ազգի գոյատևման վերանայենք մեր արժեքներն ու ավանդույթները»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Ադիբեկյանը:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում կանանց և տղամարդկանց թիվը գրեթե հավասար է` 52 և 48 տոկոս համապատասխանաբար, սակայն սոցիոլոգն ասում է, որ ոչ պաշտոնապես տղամարդիկ ավելի քիչ են:

«Երիտասարդը բանակից գալիս է ու, աշխատանք չգտնելով, միանգամից հեռանում է: Եթե մենք տնտեսության զարգացման համար դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, դա հեշտ լուծելի հարց չէ, ուրեմն պիտի թույլ տանք, որ գոնե Հայաստանում մնացած տղամարդիկ ունենան մեկից ավելի կին, որպեսզի ապահովեն ծնելիության աճը»,- ասում է Ադիբեկյանը:

Սոցիոլոգի տվյալներով` յուրաքանչյուր 10-րդ հարսնացու առանց համապատասխան զույգի է մնացել, մինչդեռ Հայաստանում բավական ամոթալի արարք է առանց ամուսնու երեխա ունենալը:

«Երեխան պետք է ծնվի ընտանիքում, անգամ եթե դա երկրորդ կամ երրորդ ընտանիքն է: Բացի այն, որ արտամուսնական կապից ծնված երեխաներն արժանանում են մեր հասարակության քամահրանքին, կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որ առանց հոր մեծացած երեխաներն առավել հակված են հանցագործությունների ու թմրամոլության, այնպես որ, պետք է ընտանիք լինի, իսկ եթե չկան բավարար թվով տղամարդիկ, ուրեմն պետք է լինի բազմակնություն»,- պարզաբանում է Ադիբեկյանը:

Սակայն առավել լուրջ խնդիր է անպտղությունը: Ըստ պաշտոնական տվյալների` այսօր երկրում կանանց 20%-ը անպտուղ է, և ինչպես Մինասյանն է շեշտում, «եթե կինը չի կարող երեխա ունենալ, որքան էլ պետությունը սոցիալական ծրագրեր իրականացնի, միևնույն է, ծնելիությունը չի աճի»:

«Միջազգային չափանիշներով երկիրը ժողովրդագրական աղետի շեմին է, եթե անպտղության մակարդակը հասնում է 15 տոկոսի, մեզ մոտ դա հասել է մինչև 20 տոկոս: Ասում են` դրա լուծումը սուռոգատ մայրությունն է, բայց դա առայժմ լուծում չէ, քանի որ չափազանց թանկ հաճույք է»,- ասում է Մինասյանը:

Հայաստանում փոխնակ մայրերի ծառայությունն արժի մոտ 25.000 դոլար, ոչ պաշտոնական տվյալներով` տարեկան մոտ 100 գործարք է կնքվում, սակայն թե քանի երեխա է ծնվում, դեռ որևէ տվյալ չկա:

Բազմակնության գաղափարը ավանդապաշտ Հայաստանում սվիններով է ընդունվում, թեև հեթանոսական և վաղքրիստոնեական շրջանում եղել է բազմակնություն, անգամ հայոց արքունիքում հատուկ նախարարություն կար` արքայի կանանոցի և զավակների պահպանության, հսկողության ու դաստիարակման համար:

«Դա լուծում չէ, դրանք պարզապես անլուրջ մարդկանց անլուրջ քննարկումներ են, և եթե այդ անհեռատես, անխոհեմ մտքերն ուշադրության արժանանան, ապա մենք իրապես կկորցնենք հայ ընտանիքն էլ ու վերջ, ամեն ինչ կկործանվի»,-զայրանում է «Հայկական սոցիալ-ժողովրդագրական նախաձեռնություն» ՀԿ նախագահ Ռուբեն Եգանյանը:

Եգանյանը չի հերքում, որ Հայաստանում լուրջ ժողովրդագրական խնդիրներ կան, բայց կարծում է, որ դրանց պատճառը հիմնականում սոցիալական է:

«Հայաստանում երեխա չեն ունենում ոչ թե տղամարդկանց պակասի, այլ գումար և աշխատանք չլինելու պատճառով: Քանի՞ հոգի կարող է երկու ընտանիք պահել` դա լուրջ չէ»,- հեգնում է Եգանյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը վստահ է, որ հարցը լուրջ հետազոտության վրա չի հիմնված, և բազմակնության անհրաժեշտությունը հասկանալու համար առնվազն պետք է հստակ վիճակագրություն ունենալ, թե երկրում որքան է տղամարդ-կին թվաքանակի տարբերությունը:

«Նախ պետք է հետազոտել, սխալ է որևէ լուծում առաջարկել` հիմնվելով զուտ զգացական կամ ենթադրյալ տվյալների վրա, իսկ ապագայի համար սա ընդհանրապես քննարկման թեմա չէ, քանի որ ապագայում մենք ունենալու ենք ընդհակառակը` աղջիկների պակաս»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Հայրապետյանը:

Վերջերս հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ Հայաստանում ահագնացող չափերի է հասել սեռով պայմանավորված աբորտները, որոնց հետևանքով 1993-ից ի վեր Հայաստանում ծնվել են 50.000-ով ավելի տղաներ:

«Այս ավելի թվաքանակով տղաները շուտով հասնելու է վերարտադրողական տարիքի, ինչպե՞ս ենք ապահովելու բազմակնություն, եթե մեր ազգաբնակչության մեջ տղաները առանց այդ էլ 1,5 անգամ ավելին են, այնպես որ, բազմակնության մասին այսօր խոսելն առնվազն անհիմն է»,- ասում է Հայրապետյանը: