Քաղաքապետի կողմից տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցնելուց հետո էլ քաղաքացիական ակտիվիստները, հաղթանակը տոնելով հանդերձ, մտածում են հետագա քայլերի մասին

Քաղաքապետի կողմից տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշումը կասեցնելուց հետո էլ քաղաքացիական ակտիվիստները, հաղթանակը տոնելով հանդերձ, մտածում են հետագա քայլերի մասին

Ֆոտոլուր

Տրանսպորտի թանկացման որոշման կասեցման կապակցությամբ համաերևանյան տոնախմբությանը զուգահեռ շատերը նկատում են, որ որոշումը ժամանակավորապես է կասեցվել և լիակատար հաղթանակի համար դեռ պետք է շարունակել պայքարը։

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է իր 2013 թ. հուլիսի 19-ի երկու որոշումները ընդամենը ժամանակավորապես կասեցնելու, այլ ոչ թե դրանք առոչինչ, ուժը կորցրած կամ գործողությունը դադարեցրած լինելու մասին: Ինչը նշանակում է, որ հիշյալ երկու որոշումները միառժամանակ հետո կարող են վերստին ուժ ստանալ, երբ հասարակական բողոքի ալիքը մարի, իսկ ստեղծված «հանձնաժողովը» որոշի, որ «սառեցված» որոշումները պետք է վերականգնեն իրենց ուժը»,- ասում է Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը։

Ավագանու անդամը հայտարարում է, որ իրենց իրավաբանների խումբը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքը, և չի բացառում, որ այդ «սառեցված» որոշումները կվիճարկեն դատական կարգով։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին՝ հինգ օր տևած բողոքի ակցիաներից հետո, ժամանակավորապես կասեցրել էր հասարակական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու իր որոշումը` մինչև մասնագետների և շահագրգիռ անձանցից բաղկացած հանձնաժողովը այնպիսի մեխանիզմներ կմշակի, որոնք չեն հարվածի սոցիալապես անապահով ճանաչված խավին:

Հինգշաբթի երևանցիներին ուղղված իր ուղերձում Մարգարյանը մարդկանց հավանությանը չարժանացած քայլը որակել է Երևանի համար երկարաժամկետ հեռանկարում շահեկան միջոցառում, սակայն խոստովանել է, որ այն հաշվի չի առել բնակչության սոցիալապես անապահով շերտերի շահերը:

Միևնույն ժամանակ քաղաքապետը շեշտել էր, որ 100-ի (մոտ 24 սենթ) փոխարեն 150 դրամ (մոտ 36 սենթ) ուղեվարձը Երևանի տրանսպորտային խնդիրները լուծելու գինն է, որ «ցավոք պետք է վճարենք»: «Այլընտրանք պարզապես չունենք»,- երևանցիներին ուղղված իր ուղերձում ասել էր նա։

Քաղաքապետի այս հայտարարությունից հետո երիտասարդները կրկին դուրս ելան Երևանի կենտրոնական փողոցներ՝ այս անգամ հաղթանակը երիտասարդներին վայել անհոգությամբ և խանդավառությամբ նշելու համար։ Սոցիալական ցանցերն էլ ոգևորված էին հաղթանակը շնորհավորելու գրառումներով, լուսանկարներով, տեսանյութերով։

Մինչդեռ իրավաբան Վահե Գրիգորյանը նկատում է, որ քաղաքապետն «ընդամենը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը, քանի որ անվավեր ճանաչելու դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվեն դրա կիրառումն ապահոված բոլոր անձինք»:

«Այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի, եթե ոչ իր, ապա դատարանի կողմից: Մնացածը՝ լոլոներ են: Այս գործը մինչև վերջ հասցնելու միակ ձևը նման որոշման անվավերության հասնելն է՝ կայացնողին և ի կատար ածողներին էլ պատասխանատվության ենթարկելը»,- կարծում է հայտնի իրավաբանը։

Այսօր «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են կրկին հավաքվելու քաղաքապետարանի առջև՝ քաղաքապետին ներկայացնելու տրանսպորտի ոլորտը բարելավելուն ուղղված իրենց պահանջները։ Պահանջների թվում են՝ որոշումը չեղյալ համարելը, ոչ թե կասեցնելը, հանրային համակեցությանն առնչվող որոշումների ընդունման ժամանակ հանրության լայն շերտերի մասնակցությունը, հանրային ուղևորափոխադրումների համակարգի ապասեփականաշնորհումը, Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրանսպորտային համակարգի ստեղծումը, ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ խիստ վերահսկողության սահմանումը, վարորդների անկախ արհմիությունների ստեղծումն ու հզորացումը և այլն։