Մաքսային միություն. որո՞նք են ռիսկերը /դրական կողմերը Հայաստանի համար

Մաքսային միությանն անդամակցելը հերթական անգամ Հայաստանը դարձնում է միջոց ու գործիք «ռուսական կայսրության ձեռքին»: Մաքսային միությունը՝ միասնական տնտեսական տարածքը, տնտեսագետները համարում են այն շղարշը, որի տակ ռուսական դիվանագիտությունը կլուծի իր համար շահավետ խնդիրները:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասում է, որ Հայաստանի անդամակցության խնդիրը 90 տոկոսով քաղաքական է, և միայն 10 տոկոսն է տնտեսական բաղադրատարրը, ինչն էլ ծանր է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա:

«Ակնհայտ է, որ Պուտինը դրել է ու ասել. «Նեյնիմ-մեյնիմ չկա, պետք է ստորագրես»: Հիմա լա՞վ նախագահ է, թե՞ վատ՝ դա մի կողմ դնենք, երկրի ճակատագիրը որոշող խնդիր է, ու ես հարց եմ ուզում տալ. ի՞նչ քայլեր են լինելու, ի՞նչ գործընթացով, ի՞նչ ծավալով, ի՞նչ խնդիրներ են դրվում: Ոնց որ պատուհանը բացես ու մշուշի մեջ մտնես, անգամ չգիտես՝ ոտքիդ տակ հող կա՞, կամուրջկա՞, թե՞ օդով ես գնում, անորոշություն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բ.Ասատրյանը:

Անորոշությունից բացի, նա նշում է, որ Հայաստանը պատրաստ չէ նման շրջանակների մեջ մտնել, քանի որ չունի միությանն անդամակցող երկրների հետ սահման, սակայն չի բացառում նաև առողջ քննարկումները:

«Եթե Ռուսաստանը երաշխավորում է, որ այս գնով բացվում է աբխազական երկաթուղին, ինչ-որ ձևով Վրաստանի հետ հարցերը կարգավորելուց հետո իհարկե, որակապես փոխվում է իրավիճակը, և այս դեպքում շատ լուրջ քննարկելի խնդիր է դառնում Մաքսային միությանն անդամակցելը: Հաջորդ ամենամեծ ու ծանր խնդիրը՝ մենք մտնում ենք Մաքսային միություն Ղարաբաղի հե՞տ, թե՞ առանց Ղարաբաղի: Եթե առանց Ղարաբաղի, արդյոք սա չի՞ նշանակում, որ հրաժարվում ենք Ղարաբաղից, և եթե Ռուսաստանը երաշխավորում է, որ այս ղարաբաղյան հարցը լուծում են, ապա, կներեք, ես երկու ձեռքով կողմ կլինեմ»,- ասում է տնտեսագետը:

Մաքսային միությանն անդամակցելը արդյոք ենթադրո՞ւմ է, որ ապագայում Հայաստանը կհայտնվի մեկ ընդհանուր ռուբլու գոտում: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ասում է, որ դա իր հետ կբերի լրացուցիչ վտանգներ:

«Եվրոպայում շատ պետություններ հրաժարվեցին իրենց ազգային արժույթից, և սկսվեց ճգնաժամը: Ոչ մի պետություն, ինչպես, օրինակ՝ Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, չունեցան իրենց առանձին լծակը՝սեփական փողը, սեփական էմիսիոն հնարավորությունը, որոնք գործիքներ են զսպելու կամ պայքարելու ճգնաժամի դեմ»,-ասում է Մեսրոբյանը «ԱրմենիաՆաուին»:

Մինչդեռ ԿԲ նախկին նախագահը կարծում է, որ փողի ավելի մեծ գոտում գտնվելը շահավետ է փոքր տնտեսական միավորների համար, այն զարգացման նոր որակ է, և փոքր ազգերին բնորոշ էմոցիոնալությունը պետք է մի կողմ դնել:

«Սակայն խնդիրն այլ է: Ուզո՞ւմ ենք միասնական գոտի մտնել, ո՞ւմ հետ կուզենք ապրել՝աղքատի՞, թե՞ հարուստի, իհարկե՝ հարուստի, իսկ Ռուսաստանը տնտեսական իմաստով դեռ չկայացած է: Ռուսաստանը եղել և մնում է կայսրություն, իսկ բոլոր կայսրությունները մի օր փլուզվում են: Ընդամենը 20 տարի առաջ Սովետական Միություն էր՝ քանդվեց, իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանում չեն լինի այդ գործընթացները»,- ասում է նա:

Մաքսային միությանն անդամակցումը ենթադրում է, որ Հայաստանը զրկվում է ազատ առևտրի ռեժիմի պայմանագրից: Ավելի վաղ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշել էր, որ Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է, որ այլևս «սուվերեն չես»:

«Մենք ունենք ազատ առևտրի ռեժիմի պայմանագիր Վրաստանի հետ, այս դեպքում արդեն Վրաստանը պայմանագիրը պետք է ունենա Մաքսային միության վերազգային մարմնի հետ»,-ասել էր փոխարտգործնախարարը:

Հայաստանի համար մոտենում է երկակի խաղի ավարտը:

«Չես կարող Մաքսային միության հետ մի սկզբունք ընդունել, աշխարհի հետ՝ մեկ ուրիշ, դու ինքնուրույն չես այս հարցում և պարտավորվում ես միասնական քաղաքականություն վարել»,- ասում է Բ. Ասատրյանը:

Մաքսային միության անվան տակ շատերը պատկերացնում են նախկին Սովետական Միության վերականգնումը: Ասատրյանը նշում է, որ ԽՍՀՄ-ը վերականգնելու Ռուսաստանի ձգտումը ավելի քաղաքական է, ամրագրված չէ տնտեսական միջոցներով, ներկայումս հիմնական աղբյուրը էներգակիրների միջազգային բարձր գներն են:

«Իսկ եթե հանկարծ նավթի գինը 50 տոկոսով իջնի՞, մի 15 տարի առաջ նավթի գինը իջավ բարելը 10 դոլար արժեր, ո՞վ ասաց, որ ներկայիս շուրջ 100-ը երկար է մնալու: Եթե էներգակիրների հատվածը հանենք, Ռուսաստանի տնտեսությունը դառնում է Թուրքիայի տնտեսության չափ: Ամեն դեպքում համոզված եմ, որ այս Մաքսային միությունը ժամանակավոր երևույթ է, վստահաբար եմ ասում, որովհետև Ռուսաստանը դրել է բավականին լուրջ խնդիր՝ միասնական տնտեսական տարածք, բաց դրա համար չունի բավարար ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ քաղաքական ռեսուրս»,- ասում է Ասատրյանը:

Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը չի կորցնի եվրոպական շուկան, սակայն կզրկվի զարգացման հնարավորություններից: ԿԲ նախկին նախագահը կարծում է, որ դեպի Եվրոպա ճանապարհին էլ շատ խնդիրներ կային, սակայն ճանապարհ էր, որով գիտեինք՝ ո՛ւր ենք գնում:

«Իսկ որո՞նք են ժամանակակից Ռուսաստանի արժեքները՝ անձի կամքը օրենքից վեր դնելը, մարդու իրավունքներն անտեսելը, կոռուպցիոն բաղադրատարրը, իսկ այդ ազդեցությունից պրծնելը արդեն դրական էր: Ռուսաստանը դեռևս այն կայացած, զարգացած միավորը չէ, որի հետ կարելի է լիարժեք գործընկերություն անել,- ասում է Ասատրյանը: - Մենք մեզ հասցրինք սրան կառավարման էս այլանդակ համակարգով, խայտառակ ընտրություններով, ունենք թույլ իշխանություն, ոչ մի արժեք չունեցող պետություն: Խոսքը նրանում է, որ պետք է գործոն լինել, իսկ մենք այսօր ընդամենը Ռուսաստանի ֆորպոստն ենք, փոքր լինելով հանդերձ միակ եղանակը գործոն լինելն է՝ միայն այդ դեպքում քեզ հետ հաշվի կնստեն»:

Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում հրապարակած իր հոդվածում գրում է. «Հայաստանի կառավարությունում դժգոհում են, որ ԵՄ-ն իրենց մանևրելու քայլ չթողեց, և դա այդպես է, քանի որ բրյուսելյան բյուրոկրատիան անհարմար մեքենա է: Սակայն սա կարելի է նմանեցնել մի քանի տարի տևողությամբ նաև դանդաղ ընթացող ավտովթարի: Ե՛վ Սարգսյանի գրասենյակը, և՛ Ռոբերտ Քոչարյանի ընդունել էին Ռուսաստանի կողմից երկրի տնտեսության կլանումը, ինչը թույլ էր տալիս իրենց պահպանել քաղաքական վերահսկողությունն ու եվրոպական ոճով մրցակցության չենթարկվել: Երբ Սարգսյանը փորձեց զգուշորեն վերանայել այս գործարքը, նա այլևս ընտրության հնարավորություն չուներ»: