Սննդային պատերազմներ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչում է հայկական լավաշը՝ չնայած Ադրբեջանի ջանքերին

Թեպետ Հայաստանի հարևան Ադրբեջանի` լավաշը ՅՈՒՆԵՍԿO-ի մշակութային ժառանգության ցուցակից հանելու ջանքերը հաջողություն չեն ունեցել, նրանց պայքարը այսքանով չի ավարտվելու ու պետք է պատրաստ լինել դիմակայելու` համոզված են ազգագրագետները:

ՅՈՒՆԵՍԿO-ն նոյեմբերի վերջին հայտարարել էր հայկական լավաշը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու մասին, ինչից հետո Ադրբեջանը բազմաթիվ խողովակներ է օգտագործում որոշման վերանայմանը հասնելու համար, անգամ տարբեր լրատվամիջոցներով հայտարարել է, որ այն ցուցակում չի ընդգրկվել:

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը, որ Հայաստանը միջազգային կառույց ներկայացրել է 2013 թվականին, անցել է կոնվենցիայով սահմանված ընթացակարգային փուլերն ու ստացել փորձագիտական դրական եզրակացություն։

«Լավաշը մեր մշակութային տարրն է, մենք մեր մշակույթին ենք տեր կանգնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը` հորդորելով լավ պատրաստվել հարևան Ադրբեջանի` «կազմակերպված ու դաժան» պայքարին:

Ազգագրագետի խոսքով` թեպետ Հայաստանի հարևան բոլոր երկրներում էլ լավաշի նման հաց կա, ու նման հաց թխում են նաև արաբական երկրներում ու անգամ Հնդկաստանում, հայկական «լավաշն իր ձևով բացարձակ ունիկալ է»:

«Վրացացած, թուրքացած, պարսկացած հայերն են, գուցե, լավաշը տարել մեր հարևան ազգերի մշակույթ»,- ասաց Հոբոսյանը` հավելելով, որ լավաշի հայկականությունն ապացուցում են մեծ տարածվածությունն ու բոլոր տարածաշրջաններում թոնրի առկայությունը:

«Առանց թոնրի Հայաստանում տուն չկար: Թոնիր միայն հայերն ունեն ու իջեցրել են հատակից ներքև` 1-1,5 մետր խորությամբ, քանի որ վառելիքը շատ չի եղել: Իսկ, օրինակ, վրացիներինը գետնից ավելի բարձր է, քանի որ նրանք ավելի շատ վառելիք ունեն»,- նշեց ազգագրագետը:

Հոբոսյանը ցավալի համարեց այն, որ այսօր լավաշը կորցնում է ժողովրդականությունը Հայաստանում.

«Մենք մեր երկրում ենք տանուլ տալիս: Մենք աշխարհին ապացուցում ենք, որ լավաշը մերն է, բայց աշխարհին դա հետաքրքիր չէ, մենք պիտի մեր երկրում այն օգտագործենք, սակայն անգամ դրսում վաճառվող արագ սնունդը դրսից է ներմուծված` շաուրմա, խաչապուրի և այլն»:

Հայկական ավանդական խոհանոցի ջատագով, հաղորդավարուհի Սոնիա Թաշչյանի կարծիքով` պետք է ըստ արժանվույն կարողանալ հայկական արժեքներին տեր կանգնել, լավ ներկայացնել, դրանց կրողը լինել:

«Մենք հարյուրավոր տարիներ օգտագործվող բաղադրատոմսեր ենք ունեցել լավաշի կիրառմամբ, որ այսօր չենք պատրաստում: Վանի հյուրանոցներից մեկում սեղանին մոթալ պանիր կար, որ մենք մեր ռեստորաններից որևէ մեկում հյուրերին չենք ներկայացնում»,- լրագրողներին ասաց Թաշչյանը: