«Հին Երևան». հաջորդ տարի կներկայացվի նախագծի մակետը

Հաջորդ տարի՝ գարնանը, հանրությանը կներկայացվի «Հին Երևան» նախագծի մակետը, որն իր մեջ կներառի 30 պատմամշակութային շինություններ՝ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների հատվածում:

Նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեկ նպատակ ունի` հատվածը վերածել հասարակական, մշակութային կենտրոնի, որտեղ կլինեն գորգերի, արծաթագործության, ասեղնագործության, խեցեգործության կենտրոններ, դրանց զուգահեռ՝ ցուցասրահներ, թանգարանային կենտրոններ, առանց բնակելի հատվածի:

«Այսինքն՝ էն Վերնիսաժը, որ մենք ունենք, ամոթալի, խայտառակ վիճակ է... պատկերացրեք՝ Վերնիսաժի լյուքս տարբերակը։ Այսինքն՝ ես կուզենամ էնտեղ լինի գորգերի սալոն, որ վաճառում են, ուզում են՝ թող արտադրեն: Այսինքն՝ էն հայկական ինչը որ ունենք ներկայացնելու, եթե առևտրային մասն է՝ էդպիսին լինի։ Բայց զուգահեռ դրա կողքին կցանկանամ ունենալ ցուցասրահներ, թանգարանային կտորներ»,- ասում է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունն ի դեմս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի համաձայնագիր է ստորագրել «Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Ներդրողն է՝ շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսը:

Ճարտարապետ Վարդանյանը նշում է, որ տարբեր ներդրողների է հանդիպել, ովքեր ամեն անգամ ծրագրին ծանոթանալուց հետո փորձել են իրենց ուզածը թելադրել, մինչդեռ իր խնդիրն է եղել վերականգնել Երևանի մի կտորը՝ վերականգնել միջավայր:

«Առաջին ներդրողն է, որ անմիջապես ընկալել է նախագիծը: Հարցադրումներից հասկացա, որ կարող ենք աշխատել: Նախնական հաշվարկներով խոսքը 120-150 միլիոն դոլարի մասին է: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի»,- ասում է ճարտարապետը:

Անդրադառնալով ամռանը հանրային մեծ աղմուկ բարձրացրած Երևանի պատմամշակութային Աֆրիկյանների շենքի ապամոնտաժմանը՝ Վարդանյանը հավաստիացրել է, որ Աֆրիկյանների տունն իր տեղն անպայման ունենալու է այդ նախագծում:

«Աֆրիկյանների տունը, իրոք, ապամոնտաժվել է պրոֆեսիոնալ շինարարների կողմից, քարերը բոլորը կան: Այն ունիկալ հուշարձան է: Ես ինքս էի պնդում, որ ապամոնտաժվեր: Մինչև այս վերջին աղմուկը նույնիսկ իմ կոլեգաների մեծ մասը չէր տեսել այդ շենքը: Հայտնվել էր այնպիսի քաղաքաշինական միջավայրում, որ չէր ընկալվում»,- ասում է նա:

Վարդանյանը նշում է, որ ի տարբերություն Աֆրիկյանների, մյուս հին հուշարձան շենքերի մեծ մասը անփույթ ձևով է քանդվել, որոնց քարերի մեծ մասն էլ այլևս չկա: Սակայն նախագծի հեղինակին այդ փաստը չի անհանգստացնում, քանի որ, իր խոսքով՝ խնդիրը ոչ թե հուշարձանը վերականգնելն է, այլ քաղաքային հին միջավայրը վերստեղծելը։

«Ինձ պետք չի, որ վրեն խփվի՝ հուշարձան։ Ինձ պետք ա, որ թոռս երբ որ մեծանա, տեսնի, որ 19-րդ դարում Երևանն ունեցել ա էսպիսի կերպար»,- ասում է նա:

Նախագծի մակետը պատրաստ կլինի մարտին, որից հետո այն հանրային քննարկման կդրվի։ Քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում այն արդեն քննարկվել է։

Խորհրդի անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ինքը ծրագրի հետ կապված գոնե մեկ դրական եզրակացություն չի հիշում։ Ըստ ճարտարապետի՝ այս մտահղացումն արհեստածին է, և աշխարհում ոչ մի տեղ նման բան գոյություն չունի։

«Կստացվի արհեստական մի թաղամաս, որի երկու կողմից փողոց է, և էդ փողոցում 10 հարկանի շենքեր են կանգնած։ Դուք պատկերացնո՞ւմ եք` էդ շենքերից ինչ տեսարան է բացվում։ Էդ տեղը այլևս քաղաքային միջավայր չի։ Այն հանգստի, հանրային օգտագործման գոտի է։ Իրանք էս ծրագիրը ևս ներկայացնում են որպես հանրային հանգստի գոտի։ Բայց դա այլևս հանգստի գոտի չի, երբ վաճառում ես մի ինվեստորի, որը գումար է դնում, և դառնում է նրա սեփականությունը»,- ասել է Քալաշյանը:

Ըստ նրա՝ գումարների հարցը լուծված է, և դրանից հետո քննարկումը ձևական բնույթ է կրում։ Բոլոր անցկացված քննարկումները բացասական են եղել: