ԵՏՄ-ի այբուբենը. անդամ երկրների կրթական փաստաթղթերը փոխճանաչման կենթարկվեն

Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո Հայաստանի կրթական համակարգում նկատելի փոփոխություններ դեռ չեն եղել, իսկ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ փոխճանաչման են ենթարկվելու բոլոր կրթական փաստաթղթերը:

ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովի անդամ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կրթական մասով ապագայում կլինեն մասնագիտական որակավորումներ, գիտական ծրագրեր, որոնք այդ շրջանակում կունենան զարգացումներ:

«Այսինքն` այդ փոխճանաչումը կլինի ոչ թե հատուկ ընթացակարգերով, այլ մեխանիկորեն: Յուրաքանչյուր երկիր կճանաչի ԵՏՄ-ի անդամ երկրների կողմից տրված կրթության վկայականները, դիպլոմները, ավտոմատ փոխճանաչումից զերծ կմնան միայն գիտական կոչումները»,- ասաց Մուրադյանը:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը, բազմիցս անդրադառնալով փոխճանաչման հարցերին, ասել է, որ թեև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, թե «փոխճանաչման համաձայնագիր ունենք Ռուսաստանի հետ և ԱՊՀ ձևաչափով նույնպես իրավական ակտ կա», սակայն Բախշյանը չգիտի, թե ի՞նչ հիմքով է այդ փոխճանաչումը, ուստի թերահավատորեն է նայում դրան:

Լրատվամիջոցներում ևս մշտապես ակտիվ քննարկվում է հայերենը կորցնելու փաստը, շատ են կարծիքները, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դպրոցներում ռուսերենը կհամարվի առաջին լեզու, որը սակայն Մուրադյանը բացառեց:

«Կարծում եմ` այդպես չի կարող լինել, Հայաստանի կրթական համակարգը իր ազգային կրթության բովանդակությունն է ապահովում, և ինչպես մնացած բոլոր լեզուները, այնպես էլ ռուսաց լեզուն համարվում են օտար»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին հիշատակելուն, Մուրադյանն ասաց, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

«Այդ հարցերը բազմիցս բարձրացրել ենք ռուս գործընկերների հետ հանդիպումներում, որոնք Ցեղասապանության միջոցառումների օրերին կլինեն և՛ մեր կողքին, և՛ անդրադարձ կկատարեն նաև իրենց երկրներում»,- նշեց նա, հավելելով, որ այդ մասով բանակցություններին հստակ չի տիրապետում: