Տխուր տարելից. Հայաստանում երկրաշարժից 27 տարի անց դեռ վերականգնում են

Երբ 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի քանի քաղաքներ, 25 հազար մարդու կյանք խլեց ու անօթևան թողեց կես միլիոնից ավելի մարդու, համազգային աղետը միավորեց բոլորին ու թվում էր, թե կարճ ժամանակ անց վերքերը սպիանալու են: Մինչդեռ «աղետի գոտի» արտահայտությունը շուրջ երեք տասնյակ տարի անց էլ դեռևս ուժի մեջ է, իսկ տուժածները նեղսրտում են, որ տարիների ընթացքում ոչ միայն չի լուծվել իրենց բնակարանային խնդիրները, այլև մոռացվել է օրացույցներում երբեմնի սև գույնով նշված դեկտեմբերի 7 ամսաթիվը:

Աղետից հետո թեև ամբողջ աշխարհից օգնության հասան, ավելին՝ որոշվեց ավերվածը վերականգնել 2 տարում, սակայն երկուսը դարձավ 5, հետո` 10, 20, Հայաստանի պատմության անիվը փոխած օրվանից այսօր արդեն անցել է 27 տարի:

2008-ից մեկնարկեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագիրը, որն առաջին հերթին պետք է լուծեր աղետի գոտու բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների, ինչպես նաև գյուղական համայնքներում անհատական բնակարանային ֆոնդում գրանցված բնակելի տուն կորցրած ընտանիքների խնդիրները:

Ծրագրի շրջանակներում բնակարանների բաշխման գործառույթն իրականացնող Հայաստանի քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Եվգենյա Աթայանն ասում է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը կլուծվի մինչև 2016 թվականի վերջը:

«2008-ից իրականացվող ծրագրի շահառու ճանաչված 5363 ընտանիքներից 4398-ի բնակարանային խնդիրն այս պահի դրությամբ լուծված է: Մնացած 965 ընտանիքների խնդիրը նախատեսվում է լուծել մինչև 2016 թվականի ավարտը: Քաղաքաշինության նախարարությունն այսպիսով ավարտին կհասցնի աղետի գոտում իրականացվող բնակարանային ապահովման պետական ծրագիրը»,- դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աթայանը:

Սակայն ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի՝ այսօր միայն Գյումրում տնակային ծայրահեղ ծանր պայմաններում ապրում է 2700 ընտանիք, որոնցից 1000-ը անօթևանների հերթացուցակներում գրանցված ընտանիքներն են:

Պաշտոնական և ոչ պաշտոնական թվերի անհամապատասխանությունը մեկնաբանվում է նրանով, որ տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, կիսվել և անգամ բնակարան ստանալու պայմաններում էլ ոչ բոլորն են տեղափոխվում տնակներից, սակայն այս ընտանիքները չեն համարվում երկրաշարժից անօթևան մնացած և չեն հանդիսանում որևէ ծրագրի շահառու:

«Երկրաշարժից 27 տարի անց մարդիկ շարունակում են ապրել ծայրահեղ ծանր պայմաններում: Հայաստանը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աղետի հետևանքների վերացման ամենաերկարատև ծրագիրն իրականացնող երկիր: Երկրորդ համաշխարհայինի հետևանքների վերացման համար անգամ այդքան ժամանակ չի պահանջվել»,- ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել է Թումասյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրու զարգացման ծրագրերի, գերակայությունների ու առաջնահերթ խնդիրների քննարկման համար դեկտեմբերի 4-ին ընդունելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ կարծես ցույց տվեց, որ Գյումրին շարունակում է մնալ երկրի նախագահի ուշադրության կենտրոնում:

«Քաղաքաշինության նախարարության տվյալներով` Գյումրում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են»,- ասել էր նախագահը:

Սակայն գյումրեցիներից շատերը ցավով պնդում են, որ տարեցտարի իրենք մնում են իրենց խնդիրների հետ միայնակ:

«Ո՞վ է հիմա Գյումրին հիշում, ո՞վ է հիշում, թե ինչ մեծ դժբախտություն է եղել, և թե ի՞նչ մեծ վիշտ ունի այս ժողովուրդը, եթե հիշեին` նոյեմբեր ամսից տոնածա՞ռ կզարդարեին: Գոնե սպասեն` ամսի 7-ն անցնի, թե՞ տոնածառով ցույց են տալիս, որ ամեն բան կարգին է էս քաղաքում, ու դոմիկներ էլ չկան: Եթե հիշեին` ամսի 6-ով Սահմանադրությո՞ւն կխաղացնեին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է գյումրեցի բժշկուհի 40-ամյա Կարինե Սարգսյանը:

Սարգսյանի հարցերը գյումրեցիներից շատերն են բարձրացնում: Հատկապես այն, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել էր դեկտեմբերի 6-ին:

«Իրենք էնպես են արել, էնպիսի օր են ընտրել, որ հանրաքվեից հետո ժողովուրդը փողոց դուրս չգա՝ հարգելով իր անմեղ զոհերի հիշատակը: Բայց վստահ եմ` Գյումրում միանշանակ բոլորն են «ոչ» ասելու, այս տարիներին ոչ մի դրական փոփոխություն չի եղել, քաղաքն աստիճանաբար դատարկվում է»,- ասում է Սարգսյանը:

Հետաքրքիր է, որ Հայաստանի նորագույն պատմության ամենադաժան օրվան նախորդ օրը կարող է վերածվել տոնի, եթե Սահմանադրության փոփոխություններն ընդունվեն: Դեռևս հոկտեմբերին լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել էր, որ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններն ընդունվեն, ապա Սահմանադրության օրը կմնա անփոփոխ` հուլիսի 5-ը, իսկ ևս մեկ օր էլ կնշվի Սահմանադրության փոփոխությունների օրը: