Հրաժեշտ արջերին. «ամենատխուր» կենդանաբանական այգու Միշան ու Մաշան ապաստան կգտնեն Ռումինիայում

Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու անասելի վատ պայմաններում ապրող երկու արջը կտեղափոխվի Ռումինիայի ապաստարան՝ հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահը:

Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում գտնվող 5 կենդանիները՝ երկու արջը և երեք առյուծը, ապրում էին անտանելի պայմաններում, իսկ այգու տնօրենը առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով այլևս չէր կարողանում խնամել կենդանիներին: Մի խումբ քաղաքացիներ ստեղծեցին «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» քաղաքացիական նախաձեռնությունը, և նրանց բարձրացրած ահազանգը լայն արձագանք գտավ և՛ միջազգային մամուլում, և՛ տարբեր հասարակական կազմակերպություններում:

Միջազգային կազմակերպությունների միջամտությամբ երեք առյուծները՝ մայր Մերին և երկու ձագերը՝ Զիտան և Գիտան, տեղափոխվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

Մոտ մեկ ամիս առաջ պետական պատկան կառույցների աջակցությամբ երկու արջերը՝ Միշան և Մաշան, տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի, իսկ վաղը կտեղափոխվեն Ռումինիա:

«Փոփոխությունն ակնհայտ է, իհարկե, նրանք կարանտինի մեջ են, սակայն դա վերականգնողական է, և արդեն լավ արդյունքներով մեր արջերին կարող ենք տեղափոխել Ռումինիայի ապաստարան: Արջերը, որոնք նեղ պայմաններում են ապրել, հոգեբանական, առողջական խնդիրներ ունեն, մինչև իրենց կյանքի վերջը այնտեղ բարեկեցիկ կյանքով կապրեն»,- երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը:

Հայաստանի բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ նախարարությունն օրենսդրական նոր փաթեթ է մշակել և պատրաստվում է ներկայացնել Ազգային ժողով:

«Ըստ այդ փոփոխությունների՝ նման կենդանիներ հնարավոր կլինի պահել միջազգային չափանիշներին համապատասխան:

Նման կենդանիներ Հայաստանում էլի կան, և դրա համար համագործակցություն կա, որպեսզի Հայաստանում ստեղծվի վերականգնողական կենտրոն»,- նշեց նա:

Համաշխարհային «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի Կենդանիների պաշտպանության գրասենյակը, որը մեծ օգնություն է ցույց տվել խնդրին, պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ հետագայում:

«Դեռ նոյեմբերից հայկական կողմը տեղյակ էր պահել մեզ այս խնդրի մասին, և հենց այդ ժամանակից էլ սկսվել է համագործակցությունը: Կարծում եմ` հետագայում համագործակցություն կլինի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ»,- եզրափակեց «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի Կենդանիների պաշտպանության գրասենյակի տնօրեն Քրիստոֆ Մարին: