Պաշտոնյա. Հայաստանը մայրաքաղաքում և մարզերում ջրամատակարարման մեկ օպերատոր կունենա

2017 թ.-ից խմելու ջրի և ջրամատակարարման համակարգերը մեկ միասնական օպերատոր կունենան` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գյուղնախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը:

Հայաստանի մարզերի և Երևանի ջրամատակարարմամբ ներկայումս զբաղվում են` «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ները: Նարիմանյանը տեղեկացրեց, որ այդ հինգ կազմակերպությունը մեկ միասնական օպերատորով փոխարինելու նպատակը միասնական սակագնի անցում կատարելն է:

«Այս որոշումը, բացի մեկ սակագին սահմանելուց, նպատակ ունի նաև կենտրոնական ջրամատակարարման տարածքներում ներառել մինչ այժմ մեր կողմից չսպասարկվող 600 համայնք, ինչը հնարավորություն կտա միասնական քաղաքականություն վարելու»,- ասաց նա:

Բանախոսը հաղորդեց, որ օպերատորն ընտրվելու է 15 տարի ժամկետով նախապես հայտարարված մրցույթի արդյունքում:

«Արդեն մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս հեղինակավոր կազմակերպություններ՝ ֆրանսիական «Վեոլիան» և «Սաուռոն», իտալական «Աչորան», ինչպես նաև գերմանական երեք և մեկ տեղական կազմակերպությունից բաղկացած կոնսորցիումը: Իրականացվել է վերջիններիս նախաորակավորումը, որում հաշվի են առնվել Հայաստանում նվազագույն աշխատանքային փորձը, ճանաչելիությունը, նվազագույն դրամաշրջանառությունը և այլն»,- ասաց նա:

Նարիմանյանը հավելեց, որ կազմակերպության ընտրությունը նախատեսված է մինչև տարվա վերջ, քանի որ 2017 թ. հունվարի 1-ից վարձակալը պետք է անցնի աշխատանքային պարտականություններին:

«Սակագնի հետ կապված որևէ առաջարկություն չկա, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն չի փոխվի»,- նշեց նա:

Անդրադառնալով մենաշնորհի խնդրին` բանախոսը հավաստիացրեց, որ չորս կազմակերպությունների միջև անցկացվելիք մրցույթն ապահովում է անհրաժեշտ մրցակցություն, ինչը բացառում է մենաշնորհային գործունեությունը: