Վաղ գարուն, վաղ խնդիրներ. փոփոխական եղանակը գլխացավանք է ստեղծում հայ ֆերմերների համար

Ինչպես և սպասվում էր` ժամանակից շուտ եկած գարունն անհետևանք չէր մնալու այգեգործության համար, և անցյալ շաբաթվանից ցրտած եղանակն արդեն ստիպում է հողագործությամբ զբաղվողներին հաշվել վնասված բերքի քանակը:

Փետրվարի կեսերից հանրապետությունում դիտված տաք եղանակը հասցրել էր ծիրանենուն ծաղկեցնել, մինչդեռ վերջին օրերին օդերևութաբանների կանխատեսումների վրա հիմնվելով` Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը (ԳՆ) պարբերաբար հաղորդագրություններ է տարածում սպասվող ցրտահարությունների մասին:

Հաշվի առնելով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է այգիների առատ ոռոգումը, ԳՆ-ն ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարել էր այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկացմամբ` մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում հողօգտագործողներին տրվել է շուրջ 9,8 մլն խմ ջուր, որով հնարավորություն է ստեղծվել ոռոգելու ավելի քան 3-3,5 հազար հա պտղատու այգիներ:

«Նշված օրերին հանրապետության հողօգտագործողներին, ըստ նախապես ներկայացված հայտերի, ոռոգման ջուր է հատկացվել Ազատի ջրամբարից Արտաշատի, Վեդու, Էջմիածնի տարածաշրջանների, Հրազդան գետից՝ Աշտարակի տարածաշրջանի, Ախուրյան գետից՝ Թալինի և Բաղրամյանի, Արաքս գետից՝ Արմավիրի տարածաշրջանի պտղատու այգիների հողօգտագործողներին»,- նշված է երեքշաբթի տարածված հաղորդագրության մեջ:

Կոմիտեում ստեղծվել է նաև աջակցող խումբ, բացվել է հեռախոսային «թեժ գիծ»՝ 54-06-14, 54-06-15:

Սակայն շատ համայնքներում այս քայլն արդեն ուշացած են որակում և ցավով արձանագրում գրեթե հարյուր տոկոսով վնասված բերքի կորուստը:

Մարտի 20-ին գրանցված ցուրտ եղանակի հետևանքով Արմավիրի մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ավելի արտահայտված վնասվել են ծիրանենու թաց ծաղիկներն ու նոր բացվող բողբոջները:

Արարատի տարածաշրջանում առանձնապես լուրջ վնասներ չեն գրանցվել, բացառությամբ մի քանի համայնքների: Թույլ վնասներ կան Տավուշի և Լոռու մարզերում, իսկ Վայոց ձորի մարզում հիմնականում տուժել է Արենի գյուղը, մասամբ` Ռինդը և մի քանի համայնքներ:

Իսկ մարտի 18-ի գիշերը ցրտահարություն էր գրանցվել Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերի որոշ համայնքներում։

Ըստ նախարարության՝ ցրտահարությունից տուժած ծիրանենու այգիներում ներկայումս մասնագետների կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ու դիտարկումներ, և արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը կներկայացնի համապատասխան տեղեկատվություն:

Սրան զուգահեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության տվյալներով՝ Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 23-ի գիշերը օդում հնարավոր է 0...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-5 աստիճան ցուրտ:

Մարտի 23-24-ը, առհասարակ, հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:

Իսկ օդի ջերմաստիճանն արդեն մարտի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: