Թիրախում գործազրկությունն է. պետական գործակալությունը մեկնարկում է մարզերի համար ծրագրեր

Հայաստանի մարզերում մեկնարկել են երկու նոր ծրագրեր, որոնք ուղղված են զբաղվածության ապահովմանը և անասնապահության զարգացմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այդ ծրագրերը, որոնցից մեկը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրն է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր հանրապետության 9 մարզում: Նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է և համայնքներին աջակցությունը: Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է հանրապետության բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում: Ընդգրկվել կարող են գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:

«Համայնքի առաջ ծառացած այն խնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել համայնքի միջոցներով, ասենք` ճանապարհների բարեկարգում, սահմանամերձ շրջանում պաշտպանական-ինժեներական համակարգերի կառուցում՝ ապաստարաններ, պաշտպանիչ պատեր, լուսավորություն, ջրահեռացման ապահովում և այլն, այս աշխատանքներում օժանդակում ենք համայնքների ղեկավարներին»,- ասաց նա:

Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5 հազար դրամ (մոտ 10 դոլար): Ծրագրի համար հատկացված գումարի չափը 45 մլն դոլար է: 2016 թվականի 1-ին եռամսյակում նախատեսվում է իրականացնել 8 ծրագիր: Ներկայումս Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի կողմից ընթացքի մեջ է մեկ ծրագիր՝ 15 մասնակիցներով:

Վարձատրվող հասարակական աշխատանքները կազմակերպվում են հետևյալ ոլորտներում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգում և հարակից տարածքների բարեկարգում, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգում և այլ նմանատիպ աշխատանքներ:

Հաջորդ ծրագիրը «Աշխատաշուկայում անմրցունակ անցանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրումն» է, որի շրջանակներում նախատեսված է իրականացնել 50 ծրագիր՝ 50 մլն դրամի սահմաններում: