Պետական գնումներ. հակակոռուպցիոն կենտրոնը մեկ անձից գնումներում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում

Հայաստանում պետական գնումների համակարգը տնտեսության հայելային արտացոլանքն է: Փորձագետները համոզված են. մենաշնորհները, բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, երկրում տիրող կոռուպցիան իրենց ազդեցությունն են թողնում համակարգի վրա:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հայտարարել է, որ 2015-ին իրականացված գնումների ուսումնասիրությունը մի շարք կոռուպցիոն ռիսկեր է վերհանել:

«Որակապես հստակ երևում է, որ մսխում կա: Սրանում որևէ կասկած չկա»,- ասել է նա:

9 տարի է` «Թրանսփարենսի ինթերնեշնլն» իրականացնում է պետական գնումների համակարգի մոնիթորինգ: Հիմնական խնդիրը՝ մեկ անձից գնումների բարձր տեսակարար կշիռը, մնում է գրեթե անփոփոխ: Անցյալ տարվա 9 ամսվա տվյալներով՝ 170 մլրդ դրամի պետական կառավարման մարմինների (քաղաքային համայնքները չեն մտնում) գնումների ծավալում մեկ անձից կատարած գնումները գումարային առումով կազմել են շուրջ 45%:

Քանակական տվյալներով մեկ անձից կատարված գնումների ծավալը ընդհանուր համակարգում կազմել է 69%: Պետական կառավարման մարմինները շրջանակային համաձայնագրերով կատարել են շուրջ 74 մլրդ դրամի գնումներ, որը գումարային ծավալով կազմում է ընդհանուր գնումների 45%-ը:

Կենտրոնի պետական գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանը նշել է, ոստիկանությունը մեկ ալկոթեստերի ձեռք բերման համար պետական բյուջեից վճարել է 1 միլիոն դրամ, մինչդեռ ռուսական արտադրության սարքերի գները տատանվում են 4-8 հազար ռուբլու (60-115 ԱՄՆ դոլար) միջակայքում:

Փորձագետը նշել է, որ կենտրոնի կայքում արդեն իսկ հրապարակվել են պետական ընկերությունների կողմից իրականացված կասկածելի գործարքների ցուցակը: Նա օրինակ է բերում ԴԱՀԿ-ն ծառայությունը, որը մեկ անձի հիմքով ավտոմեքենաների վերանորոգման պայմանագիր է կնքում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հետ:

Մեկ անձից գնումների գործարքների քանակական տվյալներով Հայաստանը բավականին մոտ է Բելառուսին և Ռուսաստանին, որտեղ այն համապատասխանաբար 65% և 51% է:

«Սակայն այստեղ մեծ «բայց» կա. եթե Ռուսաստանում ու Բելառուսում կա մեծ պետական սեփականություն, և այն ինչ-որ մի կերպ բացատրում է այդ թվի մեծությունը, ապա Հայաստանում նման խնդիր չկա: Ուղղակի իրավիճակը Հայաստանում պայմանավորված է շուկայի կենտրոնացվածությամբ և կոռուպցիոն ռիսկերով: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` մեկ անձից կատարվող գնումների գործարքների քանակն ամբողջ գնումների ծավալում չպետք է անցնի 10%-ը»,- ասել է Մանուկյանը:

Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ պետական գնումների գործընթացում առկա է շուրջ 1 միլիարդ դոլարի, ավելի կոնկրետ՝ 962 միլիոն դոլարի ծավալ:

«Մեկ անձից կատարվող գնումների ինտեսիվությունը հատկապես մեծանում է, երբ մոտենում է չորրորդ եռամսյակը, երբ տարին մոտենում է ավարտին: Բան այն է, որ պետական գնումներում կա հետևյալ տրամաբանությունը. երբ դու պետության տրամադրած միջոցները չես ծախսում, և դրա ժամանակը մոտենում է, այդ գումարները հետ են գնալու պետական բյուջե, և պատվիրատուները ձգտում են թեկուզ ինչ-որ մի բան գնել, թեկուզ դա պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»,- ասել է Մանուկյանը և ավելացրել, որ հենց այդ ժամանակահատվածում են կատարվում մեկ անձից մեծ թվով գնումներ:

Փորձագետները նշել են, որ պաշտոնյաներն այժմ «ատկատների» փոխարեն նոր մեխանիզմ են կիրառում՝ աջակցում են իրենց հետ սերտ կապեր ունեցող ընկերությունների ստեղծմանը և պետության փողերով գնումներ իրականացնում հենց այդ ընկերություններից։

Հոկտանյանը, գնահատելով ստեղծված վտանգավոր իրավիճակը, նշել է. «Սա կբերի, բնականաբար, արտագաղթի, սա կբերի է՛լ ավելի աղքատացման: Այսինքն, երբ դու ունես մոնոպոլիա, կարող են ատկատները փոքրանալ ուղղակի միայն այն պատճառով, որ, բնական է՝ ինքն իրեն ատկատ չի տա: Եթե, օրինակ, նախարարը կամ փոխնախարարը ստեղծել է իր ընկերությունը, անուղղակի կերպով, ապա նա, բնականաբար, ատկատ չի տա»: