Պարենային անապահովություն. զեկույցը վերհանում է սնուցման խնդիրները Հայաստանում

Պարենային անապահովության վտանգն ու թերսնուցումը թանկ են արժենալու Հայաստանի ապագայի համար` զգուշացնում են այս ամենի դեմ պայքարում ջանքերը միատեղած միջազգային կազմակերպությունները:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)` 2008–2014 թվականների հետազոտությունների վրա հիմնված համատեղ զեկույցի արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15 տոկոսը 2010-ից ի վեր պարենային անապահովության խնդիր ունի, որոշ մասը պարենային անապահովության վտանգի առջև է: Ավելին` երկրում թերաճություն և գերքաշություն ունեցող երեխաների մեծ թիվը վկայում է, որ բազմաթիվ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ:

«Սովը գին ունի»` ըստ միջազգային կազմակերպությունների տարածած հաղորդագրության` ասել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն:

«Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը` առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի` ՀՆԱ-ի վրա»,- նշել է նա:

Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը ցույց է տվել, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ մարդկային և սոցիալ-տնտեսական ողջ ներուժն օգտագործելը:

Ըստ զեկույցի` հայաստանաբնակ 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսը թերաճ է, ինչը պայմանավորված է քրոնիկական թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Մեկ այլ անհանգստացնող ցուցանիշ է այն, որ հայաստանյան տնային տնտեսությունների 28 տոկոսը որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում կարող է կանգնել պարենային անապահովության վտանգի առջև:

«Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանիքի կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Տանյա Ռադոչայը նշել է, որ թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում:

«Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,- ասել է Ռադոչայը:

Թերաճությունը նվազեցնելու համար վերլուծությունն առաջարկում է թերսնուցման ռիսկերի վաղ հայտնաբերում, ինչպես նաև պարենային ապահովության մակարդակի բարձրացում` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով: