Տաքսիստները կրկին բողոքում են. Երևանի տաքսու վարորդներն ուզում են նվազեցնել լիցենզավորման գումարը

Անհատ տաքսիների վարորդները կառավարության շենքի առջև պահանջում են լիցենզավորման ամսական գումարը կրճատել:

Հինգշաբթի կառավարության հերթական նիստի ժամանակ մի խումբ անհատ տաքսիների վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տաքսիների լիցենզավորման ամսական 12 հազար դրամը դարձնել 6000, իսկ մարզերում՝ 3000 դրամ:

«5000 տաքսիների, որ լիցենզավորվել են անցյալ տարի, գրեթե կեսը չի վճարում 12 հազար դրամը: Ես առաջարկում եմ լիցենզավորման կարգը կասեցնել, որովհետև այդ պահանջը ապօրինի է, ովքեր վճարել են 12 հազար դրամ, կհաշվարկենք՝ մուծել է մեկ տարին, 6 ամիս այլևս չվճարեն»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Օրենքի նոր փոփոխությունների համաձայն՝ այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցել՝ առանց պետական ռեգիստրում գրանցվելու:

Նաև կրճատվում է լիցենզիայի տրամադրման ժամկետը՝ նախկին 30 օրվա փոխարեն 7 օր: