Նովրուզյան անհարմարություննե՞ր. իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքը սոցցանցերում քննարկումների տեղիք է տալիս

Իրանական Նոր տարին՝ Նովրուզը, Հայաստան է բերել բազմաթիվ իրանցի զբոսաշրջիկների: Խմբերով շրջող իրանցիներին Երևանում այս օրերին կարելի է հանդիպել ամեն քայլափոխի՝ փողոցներում, խանութներում, ռեստորաններում ու սրճարաններում:

Այդուհանդերձ, զբոսաշրջության զարգացմանը խթանող Հայաստանի հարավային հարևանների հոսքը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից, ինչն էլ վերջին օրերին սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում շահարկումների թեմա է դարձել:

«Ֆեյսբուքի» օգտատերերից Յաշա Սոլոմոնյանը գրառում է կատարել, թե ինչպես է անձամբ ականատես եղել միջադեպի, երբ Կասկադի մոտ գտնվող խաղալիքների խանութից հրմշտելով հեռացրել են իրանցի զբոսաշրջիկների՝ պատճառաբանելով, թե գող են:

«Նրանց պայուսակներն են ստուգում, ոչինչ չգտնելով, անգամ ներողություն չեն խնդրում»,- նշել է Սոլոմոնյանը:

Մեկ այլ օգտատեր` Մարինե Քոչարյանն էլ գրել է. «Էնքան մեր երկրից դուրս չենք եկել, էնքան չենք առնչվել աշխարհի հետ, էնքան չենք զգացել աշխարհի լայն լինելը, էնքան անսովոր ա մեզ, որ բացի մեզնից մեր քաղաքում էլի կարան մարդիկ լինեն՝ թեկուզ տարբեր, զանազան ու զարմանազան, որ արդեն հասել ենք էս վտանգավոր ծայրահեղությանը:

Զարմանալի չի, որ ռասիստական կոչեր` VORTEV SRANQ IRANC KARGIN CHEN PAHUM [որովհետև սրանք իրանց կարգին չեն պահում] ասողները մեր հասարակության մեջ իրանց ամենաՉկարգին պահող տպերն են, նրանք, ովքեր Քոբուլեթն ու Բաթումին շուռ են տալիս իրանց «կարգին» պահվածքով...»

Անդրադառնալով տեղի ունեցած վերջին դեպքերին` ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշում է, որ հարիր չէ հյուրընկալությամբ հայտնի երկրին անհարգալից վերաբերմունք դրսևորել զբոսաշրջիկների հանդեպ:

«Նրանց պիտակավորում են որպես գողի, ինչպե՞ս կարելի է 80 միլիոնանոց ժողովրդին մեկ բառով բնորոշել: Գողությո՞ւն է արել, մեր բոլոր խանութներում կան տեսախցիկներ, ոստիկանություն կանչեք, ի՞նչ կարիք կա քաշքշելու և հրելու մարդկանց, սա հարիր չէ քաղաքակիրթ մարդուն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է իրանագետը:

Իսկանդարյանը նշում է, որ Իրանի բնակչության մեծ մասը նախընտրում է Նովրուզի տոնակատարություններն անցկացնել արտերկրում, այնպես չէ, որ բոլորը նպատակահարմար են գտնում Հայաստան այցելել, մի մասը նախընտրում է Թուրքիան, Սաուդյան Արաբիան, հարուստ խավը՝ Եվրոպան:

«Այս տարի Իրանի կառավարության կողմից հստակ մեսիջ գնաց, որ Թուրքիան անվտանգ չէ` հորդորելով իր քաղաքացիներին Թուրքիա չգնալ: Սա է պատճառը, որ այս տարի նրանց հոսքը դեպի Հայաստան ավելացել է: Փոխարենն այս փաստով ոգևորվենք, փորձենք օգուտ քաղել, հակառակն ենք անում` կանխելով նրանց հետագա այցը: Նշեմ, որ հյուրանոցային ծառայությունները նաև բավականին թանկ են, այս դեպքում նրանք նախընտրում են մնալ մասնավոր տներում, որտեղ նույնպես խնդիր կա. գներն այդ օրերին միանգամից բարձրացնում են: Էլ չեմ խոսում տաքսիստների մասին. եթե հայ է՝ 1000 դրամ է, եթե պարսիկ է՝ 5000 դրամ»,- ասում է Իսկանդարյանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ, քննադատելով Հայաստանի հասարակության որոշ շերտերի «վերամբարձ» վերաբերմունքը իրանցի զբոսաշրջիկների հանդեպ, նշում է. պետք էր անլիարժեքության բարդույթ ունենալ այս հյուրերի հանդեպ, քանի որ անտեղյակ են նրանց պետական և մշակութային ներկայի ու պատմաքաղաքակրթական անցյալի հարուստ ժառանգությանը:

«Պետք է ընդամենը գալ բաց աշխարհի, մշակույթների, քաղաքակրթությունների հաղորդակցության գիտակցման, պետք է բացել աչքերը՝ ընդ որում նաև մտքի, ճանաչել աշխարհը, դրա բազմազանությունը... Այս դեպքում Հայաստանը հաճելի զբոսավայր կդառնա թե՛ իրանցի, թե՛ ռուս, թե՛ եվրոպացի, թե՛ ասիացի, թե՛ ամերիկացի ու աֆրիկացի զբոսաշրջիկների համար, ինչի շնորհիվ Հայաստանը կարող է շոշափելի աճ արձանագրել իր համար տնտեսական կարևորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում՝ զբոսաշրջության բնագավառում... Իսկ այդ գործում Իրանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է...» - գրել է Բադալյանը lragir.am-ում:

Գոհար Իսկանդարյանն էլ նշում է, թե մենք մոնոէթնիկ ժողովուրդ ենք և սովոր չենք, որ մեզ հետ կարող են ապրել նաև այլ ժողովուրդներ:

«Մեր տուրիստները հիմնականում մեր սփյուռքահայերն են, որոնց միշտ շատ ջերմությամբ ենք ընդունել: Առկա է նաև ճանաչելիության խնդիրը: Տեսնում ենք՝ խոսում են օտար լեզվով, մի քիչ էլ մաշկով մուգ են, հասկանում ենք, որ մահմեդական են, նույնականացնում ենք թուրքերի հետ և ասում` էս թուրքերն եկան ու էլի լցվեցին: Ու այն էմոցիաները, որ ունենք թուրքերի հանդեպ, շրջվում են նրանց կողմը: Այսինքն` իրանցին սկզբունքորեն մեղավոր չէ, որ մենք ավելի վատ ենք նրան ճանաչում, սա արդեն մեր խնդիրն է, որ պետք փորձենք ճանաչելիության մակարդակը բարձրացնել»,- ասում է նա:

Ըստ «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանի` այս օրերին Իրանից դեպի Հայաստան օրական 3-4 թռիչք է իրականացվում` նախկին մեկ թռիչքի փոխարեն: Տոնական օրերին նախատեսվում է իրականացնել շուրջ 60 թռիչք:


Ցամաքային ճանապարհով ակնկալվում է շուրջ 5 հազար զբոսաշրջիկ, օդային ճանապարհով` 4-5 հազար:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի բազմիցս նշել է, որ իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը ծախսում է գրեթե 1000 դոլար: