IDeA-ն և National Geographic-ը կհամագործակցեն՝ Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման նպատակով

Կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար միջազգային փորձագետը, ինչպես սպասվում է, այս գարնանն ավելի ուշ կայցելի Հայաստան` աշխարհում առավել հայտնի զբոսաշրջային ամսագրերից մեկի` National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատում անցկացնելու համար:

Այցը կլինի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի և National Geographic Partners (NGP) ընկերության ստորագրած փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:

Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային և բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյուների վրա` շրջակա միջավայրին չվնասող մեթոդներ, աջակցություն մշակութային ժառանգության ու բնության պահպանությանը, սոցիալ-տնտեսական առավելությունների տրամադրում տեղի բնակչությանը:

Այս տարվա ապրիլի վերջին National Geographic Traveler ամսագրի խմբագիր Կոստաս Քրիստը կայցելի Հայաստան՝ National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատումն անցկացնելու համար: Քրիստը, որը կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից է, աշխատում է National Geographic-ի զբոսաշրջային խմբի հետ, որտեղ հանդես է գալիս որպես կայուն զբոսաշրջության և National Geographic Unique Lodges of the World ցանցի արտերկրի աուդիտի ղեկավար:

Հայաստան կատարելիք հետազոտական այցի շրջանակներում Քրիստը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, համայնքների առաջնորդների, գործարարների և զբոսաշրջային օպերատորների հետ՝ գնահատելու Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման այնպիսի հնարավորությունները, որոնք կապահովեն երկրի տնտեսական աճը՝ միաժամանակ երաշխավորելով բնության և հարուստ մշակութային ժառանգության պահպանությունն ու դրանց փոխանցումը գալիք սերունդներին: Սերտորեն աշխատելով IDeA հիմնադրամի հետ՝ Քրիստը կայուն զբոսաշրջության սկզբունքների և փորձի համաշխարհային չափանիշների վրա հիմնված խորհրդատվություն կտրամադրի:

«Լավագույն միջազգային փորձի և չափանիշների կիրառումը նոր տեղական նշաձողեր սահմանելու համար IDeA հիմնադրամի առանցքային սկզբունքներից են, և հիմնվելով այս մոտեցման վրա՝ մենք սկսում ենք աշխատանքը National Geographic Partners ընկերության հետ: Վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ մենք կբացահայտենք Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցները, որոնք կներառվեն IDeA-ի Զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ»,- ասել IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը:

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը կարող է հպարտ լինել իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Այդ ժառանգությունը պահպանելը և շրջակա միջավայրի մասին հոգ տանելն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարության համար՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ապահովելու տեսանկյունից: Շուտով կսկսեմ աշխատել հեռուն նայող կազմակերպության՝ IDeA հետ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Քրիստը: