Սեյսմիկ անվտանգության հարց. ճարտարապետները, քաղաքաշինարարները քննարկել են Հայաստանում շինարարության խնդիրները

Հայաստանում վերջին տարիներին կողք կողքի վեր խոյացած նորակառույցները, հին շենքերի տանիքներում ավելացված շինությունները շարունակում են քննարկման առարկա մնալ ոչ միայն զուտ ճարտարապետական տեսանկյունից, այլև առաջ են բերում սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանության հարցեր։

Թե՛ ճարտարապետներից, թե՛ պարզապես հասարակ քաղաքացիներից շատերը շարունակում են պնդել, որ նման շինարարությանը պետք է վերջ դրվի, սակայն քաղաքային իշխանությունները շարունակում են սատարել շինարարական գործընթացներին։

«Երևանի կենտրոնը խիստ ծանրաբեռնված է, և այլևս կառուցապատման տեղ չկա: Այս հախուռն շինարարությունը բերեց նրան, որ մենք մի կողմից զրկվեցինք պատմական շենքերից, մյուս կողմից՝ խիտ կառուցապատում ունեցանք, որտեղ նաև օկուպացիա արեցինք հանրային կանաչ տարածքները, քաղաքից վերցրեցինք յուրաքանչյուր քառակուսի մետր,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ Երևան քաղաքի բնակֆոնդի սեյսմիկ կայունությունը վտանգված է: «Պետք էր շուտ այդ մասին մտածել և այն ամրացնելու պլան մշակել»:

«Անկախացման տարիներին համատարած սեփականաշնորհում գնաց, շենքերի նկուղային հարկերը վաճառվեցին, օգտագործվեցին հանրային կամ այլ նպատակների համար, որի ընթացքում կոնստրուկտիվ համակարգին մեծ վնաս հասցվեց: Վերնահարկերի կառուցման տենդենցն ավելի վատթարացրեց իրավիճակը»,- ասել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005-2015 թթ. Երևանում կառուցված միայն բնակելի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 2 միլիոն 656 հազար քառակուսի մետր, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է նորանկախ Հայաստանի 1991-2004 թթ. ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ Մինասյանի՝ նոր կառուցված շենքերը համապատասխանում են ներկայիս սեյսմիկ անվտանգության պահանջներին, մինչդեռ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շենքերն իրենցից վտանգ են ներկայացնում, քանի որ կառուցված են եղել մինչև 7 բալ սեյսմակայունությամբ, մինչդեռ ներկայումս նորմատիվը փոխված է, և պահանջվող նորմատիվը հասել է 9 և ավելի բալի:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Արմեն Արտոնյանն ասել է, որ Հայաստանի ողջ տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և Երևանն այս իմաստով բացառություն չէ:

Նախարարության տվյալներով` մայրաքաղաքի շուրջ 4800 բարձրահարկ շենքերի 80%-ը չի համապատասխանում Հայաստանում գործող սեյսմիկ անվտանգության պահանջներին:

Քաղաքաշինության նախարարի խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն էլ հավելել է, որ իրենց հաշվարկներով հին շենքերն ամրացնելու և ներկայիս նորմերին համապատասխանեցնելու համար 30-31 միլիարդ դոլար է անհրաժեշտ:

«Բացի դա, Հայաստանում վթարային 26 բազմաբնակարան շենք կա, որոնք պետք է քանդվեն և նորերը կառուցվեն: Կա 458 անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենք, որոնք պետք է ուժեղացվեն, բերվեն ներկայիս նորմերի պահանջներին:

Այդ ամենի համար անհրաժեշտ է 361 մլրդ դրամ (մոտ 750 հազար դոլար), որպեսզի վթարային ֆոնդը լրիվ վերացվի: Ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք»,- ասել է Մովսիսյանը՝ չհերքելով նաև, որ ներկայիս կառուցապատումները շատ հաճախ խախտումներով են ընթանում:

Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախարարության կողմից մշակվել է «Երևանի կենտրոնի մասին» օրենքը՝ հաշվի առնելով, որ այդ խախտումները հիմնականում տեղի են ունենում կենտրոնում։

«Օրենքն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: Այն լուրջ սահմանափակումներ է բերում կառուցապատման վերաբերյալ, որպեսզի այդ խախտումները չլինեն։ Փոփոխություններ են կատարվում նաև «Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքում»,- ասել է պաշտոնյան՝ վստահեցնելով, որ օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ մտնելով և իրապես գործելով՝ վերահսկողական մեխանիզմներն էլ կընդլայնվեն և կուժեղանան, ու հնարավոր է` իրավիճակը փոխվի դեպի դրականը: