Ընտրական օրենսգրքի քննարկում. անդրադարձ լրատվամիջոցների սահմանափակ թվով ներկայացուցիչների խնդրին

Յուրաքանչյուր լրատվամիջոց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կարող է մինչև 50 լրագրող հավատարմագրել ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար`առաջարկել է պետական պաշտոնյան:

Ըստ Panorama.am-ի` երեկ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկումից հետո արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ նոր առաջարկը, կարծես, բոլորի համար ընդունելի է եղել:

Կառավարության հաստատած Ընտրական օրենսգրքի նախագծի նախկին տարբերակով նախատեսվում էր, որ մեկ ընտրատեղամասում միաժամանակ կարող էր լինել լրատվամիջոցների ութ ներկայացուցիչ, ինչը հարուցել էր լրագրողական համայնքի դժգոհությունը:

Մինչդեռ կառավարության անդամները պնդում են, որ լրատվամիջոցների աշխատանքը կարգավորելու անհրաժեշտություն կա, հաշվի առնելով վերջին տարիներին անցկացված ընտրություններում «կեղծ» լրագրողների մեծ թիվը, ովքեր իբր խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի և վստահված անձանց աշխատանքները:

Համաձայն նոր առաջարկի` հավատարմագրված լրագրողները կունենան համապատասխան վկայական և կարող են այցելել ցանկացած ընտրատեղամաս` կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները: