I` ինտերնետ. հարթակ` աշակերտների իրազեկվածության համար

Չորեքշաբթի Երևանում ներկայացվեց աշակերտների մասնակցությունը խթանող առաջին ինտերնետային կայքը, որի միջոցով ուսուցիչներն ու աշակերտներն այսուհետ առավել իրազեկված կլինեն:

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Երիտասարդական նվաճումներ» կրթական ՀԿ-ի պատրաստած www.ashakert.am հարթակը նախևառաջ նախատեսված է Հայաստանի բոլոր դպրոցներում ձևավորված աշակերտական խորհուրդների անդամների համար` նպատակ ունենալով ակտիվացնել այդ խորհուրդների գործողությունները երեխաների պաշտպանության և մասնակցության ոլորտում:

«Ինտերնետային կայքը բացառիկ հնարավորություն է ընձեռում դպրոցականներին, քանի որ այն ոչ միայն թույլ է տալիս երեխաներին արտահայտել իրենց կարծիքները, գաղափարները, տեղադրել լուսանկարներն ու միջոցառումներ, այլև ուղղել իրենց խնդիրները, մտահոգություններն ու առաջարկությունները որոշում կայացնողներին (ՀՀ նախարարություններ, ԱԺ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ)»,-ասում է «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ փոխնախագահ Անդրանիկ Մարտիրոսյանը:

Ծրագրի առաջին փուլում ընդգրկվել են Գյումրի, Վանաձոր և Երևան քաղաքների 30 միջնակարգ և ավագ դպրոցներ: Յուրաքանչյուր դպրոցից ծրագրում ընդգրկված են 15 աշակերտ և մեկ ուսուցիչ, որոնք արդեն գրանցվել են կայքում, ստեղծել իրենց դպրոցի անձնական էջերը:

Երևանի թիվ 132 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Մանուկյանն ասում է, որ իրենց դպրոցից ծրագրում ընդգրկվել են 8-9-րդ դասարանների աշակերտներ (Հայաստանում ինֆորմատիկա առարկան անցնում են 6-րդ դասարանից):

«Երեխաները շատ ոգևորված են ծրագրով, արդեն սկսել են նյութեր հավաքել, որոնք տեղադրելու են կայքում: Կարծում եմ` նման գործունեությունը շատ կարևոր է աշակերտների համար»,- ասում է ուսուցչուհին:

Երևանի թիվ 125 դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ, 9-րդ դասարանի աշակերտ Էդգար Բախշյանը կարևորում է նման կայքի գոյությունը և կարծում, որ սա հարմար հարթակ է իրենց դպրոցի մասին տեղեկություններ տարածելու և կապերի ընդլայնման համար:

«Այսպիսով կկարողանանք կապ հաստատել տարբեր դպրոցների աշակերտական խորհուրդների հետ, հնարավորություն կունենանք փոխանակելու մեր կարծիքները, թարմացնելու մեր դպրոցի մասին էջերը, պատմելու դպրոցում տեղի ունեցող նշանակալից իրադարձությունների մասին»,- ասում է աշակերտը: