Wi-Fi, դասագիրք և ավելին. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նոր ծրագիր է մեկնարկում Հայաստանի դպրոցներում

Հայաստանի կրթության և գիտության նախարարության և «Վիվասել-ՄՏՍ» բջջային օպերատորի միջև կնքված համաձայնագրով Հայաստանի 107 ավագ դպրոցները կապահովվեն անլար ինտերնետով՝ Wi-Fi-ով: Համաձայնագրով նախատեսվում է նաև թվայնացնել մոտ 230 դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ:

Պատասխանատուները հավաստիացնում են, որ այս դասագրքերի և մեթոդական ձեռնարկների էլեկտրոնային շտեմարանը հասանելի կլինի ոչ միայն ներբեռնման համար, այլև կլուծեն համացանցում հայալեզու կրթական բովանդակության հարստացման խնդիրը: Ավագ դպրոցների աշակերտներն էլ ինտերնետը կկարողանան օգտագործել ինչպես կրթական, ուսումնական նպատակներով, այնպես էլ ժամանցի ընթացքում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այս և համաձայնագրով նախատեսված մի շարք այլ նպատակների (մասնավորապես` բուհերի և դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում) համար կհատկացնի 37 միլիոն դրամ (մոտ 96 հազար դոլար): «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շեշտում է, որ ավագ դպրոցներում անլար ինտերնետը հնարավորություն կտա մեծացնելու առցանց հաղորդակցման հնարավորությունը, բարձրացնելու մանկավարժների աշխատանքի որակը և ամրապնդելու ուսուցիչ-աշակերտ կապը:

Կրթության և գիտության նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը փոխանցեց, որ համաձայնագիրը մեկ օր առաջ է կնքվել, և գործընթացը սկսելու ժամանակացույցը դեռ հստակ չէ:

«Սակայն գործընթացն արդեն սկսված է, և մի քանի ավագ դպրոցների «ՎիվաՍել- ՄՏՍ»-ն արդեն Wi-Fi-ով ապահովել է, իսկ մնացածը կապահովվեն տարվա ընթացքում, կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ անցանկալի կայքերը աշակերտների համար փակ են լինելու, և հետևողական կլինեն, որ ինտերնետը օգտագործվի կրթական նպատակներով: