Համալսարանական վիճաբանություն. նախարարը ռեկտորին ազատում է աշխատանքից, ռեկտորը հրաժարվում է թողնել աշխատանքը

Երեքշաբթի երեկոյան ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվելու մասին լուրը հանրության ուշադրությանն է արժանացել` շեղելով ընտրական քարոզարշավի եռուզեռից:


ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ԵՊԼՀ ռեկտորի միջև հեռակա բանավեճ էր սկսվել այս ամսվա սկզբին, երբ ԿԳ նախարարը ռեկտորին խիստ նկատողության և կարգապահական տույժի էր ենթարկել` առանց նախարարի գիտության մարտի 19- 23-ը Հայաստանից բացակայելու համար: Ըստ Աշոտյանի` Զոլյանը խախտել էր «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջը, այն է` առանց լիազորված պետական մարմնի որոշման իր պարտականությունների կատարումը այլ անձի հանձնարարելը: Զգուշացումից հետո համալսարանում սկսվել են ստուգումներ, որի ժամանակ արձանագրվել են որոշ խախտումներ:

Սակայն Զոլյանը, որը ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 1997-ից, նախարարի զգուշացումից հետո չի պատրաստվում լքել պաշտոնը և հայտարարություն է տարածել, որում Աշոտյանին խորհուրդ է տալիս «ուշադիր կարդալ օրենքները, որոնց համաձայն` ԵՊԼՀ ռեկտորն ընդունվում է ԵՊԼՀ-ի կողմից, իսկ ընտրության արդյունքները` ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ»:

Որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր, ըստ որի՝ այս խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ, և Զոլյանին աջակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահն ամիսներ առաջ ֆինանսավորել ու կրթաթոշակներ է տվել բուհի ուսանողներին ու դասախոսներին, Զոլյանը ևս հայտնվել է նրանց շրջանակներում:

Սակայն «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ԲՀԿ-ից հերքեցին կուսակցությանը` Զոլյանի անդամակցության մասին լուրը:

Իր հերթին Աշոտյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս հարցը չունի քաղաքական ենթատեքստ:
Չորեքշաբթի առավոտյան ԵՊԼՀ-ի որոշ ակտիվիստ ուսանողներ մտադիր էին ռեկտորին աջակցելու համար գնալ ԿԳ նախարարության մոտ և իրենց բողոքն արտահայտել, սակայն նրանց արգելվել է լքել դասերը, և, ինչպես տեղեկացնում են ԵՊԼՀ-ից `չորեքշաբթի համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանում է անխափան և բնականոն:

Սակայն չորեքշաբթի ավելի ուշ` դասերից հետո, ԵՊԼՀ ուսանողները հավաքվեցին իրենց բուհի առջև` աջակցելու ռեկտորին նախարարի որոշման դեմ ուղղված բողոքի ակցիայով: Ցուցարարները «ԵՊԼՀ-ն մենք ենք ու պրն Զոլյանը» գրությամբ պաստառներով քայլեցին դեպի կրթության և գիտության նախարարության շենքը: