Բրյուսովի ճակատամարտը. նախարարի և ռեկտորի միջև վիճաբանությունը շարունակում է զայրույթ և հարցեր առաջացնել

Հայաստանի հեղինակավոր բուհերից մեկի ռեկտորի և ՀՀ կրթության և գիտության նախարարի հակամարտությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում` հարուցելով հակամարտության պատճառների նորանոր վարկածներ:

Ամսվա սկզբից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտորի միջև հեռակա բանավեճ էր սկսվել, որի հետևանքով, ի վերջո, ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվեցին:

Ռեկտորի պաշտոնանկությունը հարուցել էր բուհի բազմաթիվ ուսանողների վրդովմունքը, և նրանք իրենց աջակցությունն էին հայտնել ռեկտորին` նախարարի որոշման դեմ ուղղված բողոքի ակցիայով:

Հինգշաբթի ԿԳ նախարարը հանդիպման էր գնացել ԵՊԼՀ-ի ուսանողների հետ, որոնք, հավաքվելով բուհի ոչ մեծ դահլիճում, մի շարք հարցեր էին պատրաստել` կապված Սուրեն Զոլյանի նկատողությունների և հեռացման հետ: Սակայն ուսանողները «նախարա´ր, իջի՛ր» վանկարկումներով նախարարից պահանջել էին իջնել բակ ու բակում տեղադրված խոսափողների մոտ պատասխանել համալսարանականների հարցերին, որպեսզի հարցուպատասխանին ավելի շատ ուսանողներ կարողանան մասնակցել:

Սակայն ուսանողների հետ նախարարի հարցուպատասխանն անավարտ մնաց, երբ լուր տարածվեց, որ ակտիվիստ ուսանողներից մեկին տարել են ոստիկանության բաժանմունք (կարճ ժամանակ անց ուսանողին ազատ էին արձակել):

Սակայն մինչ նախարարը փորձում է հիմնավորել իր հրամանը, իսկ ռեկտորն անօրինական է համարում նախարարի որոշումը, մամուլում շարունակվում են քննարկումները, ու իրավիճակի տարբեր պատճառներ են առաջ քաշվում:

Ըստ որոշ խոսակցությունների` ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և «հենց նա էլ բորբոքում է Աշոտյան-Զոլյան հակամարտությունը»:

Վարչապետը, որը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է, ըստ խոսակցությունների` ԵՊԼՀ-ի հետ կապված լուրջ ծրագրեր ունի և ցանկանում է ապագայում այս երկու ուսումնական հաստատությունները միավորել:

Սակայն, մինչ Աշոտյանը հերքել է այդ լուրը, մամուլում շրջանառվում է, որ համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքում հյուրանոց բացել: