Ճանաչել հարևաններին. Հայաստանը կարևորում է կովկասագիտության զարգացումը

Երևանի պետական Համալսարանը (ԵՊՀ), կարևորելով Հայաստանում կովկասագիտության զարգացումը, ինչպես նաև հարևան երկրների, ներառյալ Ադրբեջանի լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրությունը, նախատեսել է, որ նոր ուսումնական տարում պատմության ֆակուլտետի կովկասագիտության ուսումնասիրության բաժինը հասանելի լինի նաև բակալավրիատի համար:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ արդեն 2011-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի նորաբաց կովկասագիտության մասնագիտացումն ընտրել է 8 մագիստրոս: Իսկ նոր ուսումնական տարում արդեն բակալավրիատում ներդրվող կովկասագիտության ուսումնասիրության բաժնի համար հատկացված է 50 տեղ, որից 5-ը` անվճար, իսկ մեկը` բանակից զորացրվածների համար:

«Այսօր, անկախության պայմաններում, կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլև դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը` թե' մեր հայագիտական միջավայրում, թե' միջազգային ասպարեզում մրցակցությանը դիմանալու առումով: Եթե մանավանդ հաշվի առնենք, որ մեր հարևան երկրներում, մասնավորապես` Վրաստանում ու Ադրբեջանում մշտապես պատմության լայնամասշտաբ կեղծումներ են տեղի ունենում»,- ասում է Մինասյանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանի կարծիքով, թեև ՀՀ-ում մեծ ջանքեր են գործադրվել կովկասագիտության դպրոց ստեղծելու ուղղությամբ, հայկական կողմն այդ առումով դեռևս զիջում է իր հարևաններին: Ըստ պրոֆեսորի՝ Հայաստանում շատ դժվար է գտնել լեզվաբանական կրթություն ստացած մասնագետների, որոնք կարող են նաև դասավանդել, ուստի «կովկասագետներ պատրաստելու անհրաժեշտությունն ակնհայտ է»:

«Տարածաշրջանում առաջացած բազմաթիվ քաղաքական խնդիրները պարտադրում են ավելի մեծ ուշադրություն դարձնել հարևանների լեզվի, մշակույթի ուսումնասիրություններին, մինչդեռ այսօր Հայաստանում վրացագետների պատրաստման խնդիրներ կան, քանի որ այսօր վրացագետների տարիքն անցնում է 60-ից»,- ասում է Մարգարյանը՝ հավելելով, որ Թբիլիսիի պետական համալսարանում հայոց լեզվի ուսուցումը միշտ էլ շատ բարձր մակարդակի վրա է եղել, և գործում է հայագիտության ամբիոն:

Իսկ Ադրբեջանում, ըստ Մարգարյանի, դեռևս հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Հայաստանից տեղափոխվածների մի մեծ բանակ կա, որոնք «հիանալի տիրապետում են լեզվին», մինչդեռ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվածները միայն լեզվակիրներ են ու թեև լավ գիտեն լեզուն, դա կենցաղային լեզու է, և այդ իմացությունը դասավանդելու մակարդակի չի հասնում:

Թեև չորս տարուց ավելի է` ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետում ադրբեջաներենը` որպես առարկա, դասավանդվում է թուրքագիտության ամբիոնի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողներին, մասնագետները վստահեցնում են, որ կովկասագիտության բաժնում դրան առավել մեծ ուշադրություն կդարձվի, և ուսանողները տարեկան շուրջ 300 հազար դրամ (մոտ 770 դոլար) վարձավճարով բակալավրի ուսումնառության բոլոր յոթ կիսամյակների ընթացքում կսովորեն ադրբեջաներեն:

Ադրբեջաներենը դասավանդվելու է առաջին ադրբեջաներենի դասագրքով, որը վերջերս է հրատարակվել Հայաստանում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ջանքերով, և հեղինակը` նույն ամբիոնի դասախոս Լիլիթ Մովսիսյանը, անցած շաբաթ տեղի ունեցած գրքի շնորհանդեսի ժամանակ վստահեցրել է, որ գիրքը շատ չեզոք է և լեզվի ուսուցման տեսանկյունից բավականին հագեցած: