Աշխատանքից ազատված ռեկտորն ասում է՝ Բրյուսովում նոր ընտրություններն ապօրինի էին

Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտորը երեքշաբթի համալսարանում անցկացված նոր ռեկտորի ընտրությունները գնահատում է ԿԳ նախարարի հակաօրինական գործունեության շարունակություն, իսկ ընտրությունների մասնակիցներին` անօրինականության մեղսակիցների:

«Տասը հոգի իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, քանի որ վերջիններս չինովնիկներ են, մինչդեռ պիտի լինեին գիտնականներ: Ռեկտորի թեկնածությունը հաստատում է վարչապետը և պետք է դադարեցնի անօրինականությունները: Վարչապետը պիտի պատասխանատվության կանչի նախարարին, ոչ թե դառնա մեղսակից»,- ասում է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 17-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել էին Զոլյանի լիազորությունները, ինչի համար հիմք էին ծառայել նախարարի երկու հրամանները, որոնցով Զոլյանը «խիստ նկատողություն» էր ստացել:

«Նախարարն իրավունք չուներ ազատելու ինձ պաշտոնից, քանի որ ինձ հետ պայմանագիր է կնքված: Ինձ աշխատանքից ազատել կարող էր ՀՀ վարչապետը: Մենք այդ մասին դիմել ենք ՀՀ վարչապետին, սակայն մինչև այժմ պատասխան չենք ստացել»,- ասում է Զոլյանը:

ՀՀ վարչական դատարանը չի ընդունել Զոլյանի հայցադիմումն ընդդեմ ԿԳՆ-ի, որից հետո Զոլյանը հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ կրթության և գիտության նախարար Աշոտյանի: Վաղը տեղի կունենա այդ գործի առաջին դատական նիստը:

Նախկին ռեկտորն ասում է, որ նախարար Աշոտյանը խախտել է Սահմանադրության մի շարք դրույթներ և պետք է դատարանում պատասխան տա դրա համար, ինչը խիստ կասկածելի է համարում, քանի որ մինչև այսօր պատասխանող կողմից (ԿԳՆ) չկա պատասխան` ներկայանալո՞ւ են դատական նիստին, թե՞ ոչ: