Անհրաժեշտ մասնագիտությո՞ւն, թե՞ սոսկ կրթություն. երիտասարդներին հորդորում են առաջնորդվել շուկայի պահանջներով

Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուներն ասում են, որ հայ երիտասարդները և նրանց ծնողները շարունակում են նախապատվությունը տալ բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ չնայած շուկայում առկա աշխատատեղերն ավելի շատ պահանջում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական որակավորում:


«Բոլոր ծնողներն ուզում են, որ իրենց երեխաները բարձրագույն կրթություն ստանան, բայց պետք է հասկանանք, որ մենեջերը կամ տնօրենը մի հոգի է, իսկ բանվորները՝ հարյուրավոր: Այդ համամասնությունը պահպանելու համար պետք չէ այդքան շատ գնալ բուհ»,- երեքշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրի ղեկավար Վահագն Խաչատրյանը:

«Մեր ավանդական մտածելակերպն այն է, որ բարձրագույն կրթություն լինի, դիպլոմ լինի, ամեն ինչ լավ կլինի, բայց մանավանդ աղջիկների համար դիպլոմը երբեմն օժիտը համալրող պարագա է, ամուսնանում են և շատ ժամանակ չեն աշխատում»,- հավելեց կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Վարդանյանը:

Չնայած դրան` Վարդանյանն ասաց, որ աշխատաշուկայի թելադրանքով վերջին տարիներին ավելացել են նախնական և միջին մասնագիտական հաստատություններ դիմողների թիվը, մասնավորապես որոշ հաստատություններում սովորողների միջին թիվը 250-300-ից հասել է մինչև 500-ի:

2011 թվականի տվյալներով՝ 130 նախնական և միջին մասնագիտական հաստատություններ են հաճախել մոտ 30 հազար ուսանող: Ուսման վարձը տատանվում է տարեկան 40-300 հազար դրամի (մոտ 100-730 դոլար) սահմաններում՝ կախված հաստատությունից և մասնագիտությունից: Ուսուցումն իրականացվում է 102 մասնագիտությունների գծով և տևում 1-3 տարի:

Խաչատրյանը նշեց, որ ներկայումս շուկայում առավել մեծ պահանջարկ են վայելում շինարարները, ծեփագործները, խոհարարները, մատուցողները, բուժքույրերը, ատամնատեխնիկները, վարորդները: Քիչ են այն երիտասարդները, որոնք ցանկանում են աշխատել որպես խառատ, զոդող կամ կռունկավար, թեև դրանց պահանջարկը ևս շուկայում կա:

«Երիտասարդությունը հիմնականում չի ուզում աշխատել դժվար մասնագիտություններով, նրանք ավելի շատ նախընտրում են լինել մենեջեր կամ գրասենյակային աշխատանք կատարել»,- նկատեց նա:

Բազմաթիվ երիտասարդներ էլ միջին մասնագիտական հաստատություններում մանկավարժական մասնագիտություններ կամ իրավագիտություն են սովորում, սակայն այս դեպքում էլ շուկան նրանց կարիքը չունի:

«Ես այդ հարցը բարձրացրել եմ նախարարությունում, իրավագիտության համար պահանջվում է բարձրագույն կրթություն, իսկ մանկավարժական մասնագիտություններ ունեցող 40 հազար մասնագետների համար ընդամենը 20 հազար տեղ կա»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հավելեց, որ երիտասարդներին դեպի նախնական և միջին մասնագիտական հաստատություններ գրավելու համար նախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, մասնագիտությունների համար չափորոշիչներ են մշակվում, ուսուցումը դառնում է ավելի շատ պրակտիկ, վերապատրաստվում են դասախոսներն ու տնօրենները, այս տարի 50 տոկոսով ավելացել են անվճար տեղերը՝ հասնելով 7664-ի, աջակցություն է տրամադրվում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, բարելավվում են այդ հաստատությունների շենքային պայմանները և դրանք համալրվում են անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով և այլն:

Վարդանյանն ասաց՝ չի անցկացվել որևէ ուսումնասիրություն, թե նախնական և միջին մասնագիտական հաստատությունն ավարտողների քանի տոկոսն է աշխատանք գտնում: