Կարևոր իրադարձություն ՀԱՀ-ում. Հայաստանի ամերիկյան համալսարանը սեպտեմբերից բակալավրիատի ծրագիր կունենա

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) 2013 թ. սեպտեմբերից բակալավրիատի ծրագիր կունենա: Համալսարանը քառամյա կրթության ծրագիրը իրականացնելու համար հավաստագիր է ստացել Դպրոցների և քոլեջների արևմտյան ընկերակցությունից (WASC), իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից արդեն նաև՝ արտոնագիր:

Սա նշանակում է, որ ավագ դպրոցն ավարտող երիտասարդները կարող են դիմել ՀԱՀ և կրթություն ստանալ առայժմ երեք ֆակուլտետներում՝ բիզնեսի, անգլերենի և հաղորդակցության ու հաշվողական գիտությունների: Ֆակուլտետներում կրթությունը կկազմակերպվի անգլերենով: Մինչ այդ` իր գործունեության քսան տարիների ընթացքում, համալսարանը միայն մագիստրոսական ծրագիր է իրականացրել՝ փորձելով չխաթարել համալսարանական միջավայրը Հայաստանում՝ ստեղծելով բակալավրիատի արմատապես նոր համակարգ, որը կարող էր շեղել ուշադրությունն արդեն գոյություն ունեցող համալսարաններից:

Համալսարանի ղեկավարությունն ասում է՝ սրանք կիրառական գիտելիքներ տվող ֆակուլտետներ են, և այս մասնագիտությունների պահանջարկն աշխատաշուկայում կա:

Այս ծրագրի մեկնարկով Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը հույս ունի տարեկան մոտ 300 ուսանող ընդունել բակալավրիատի երեք ֆակուլտետներում՝ մինչև 2017 թվականն այս թիվը հասցնելով 1200-ի:

«ՀԱՀ-ում բոլորս ոգևորություն ենք ապրում՝ հասնելով Հայաստանի և տարածաշրջանի ապագա արհեստավարժ մասնագետներ պատրաստելու համար բակալավրի աստիճան շնորհող բարձրորակ ծրագրի առաջարկման այս նոր ելակետին: Մենք շարունակում ենք հետամուտ մնալ տարածաշրջանում խստապահանջ դասախոսներ և ամերիկյան կրթություն առաջարկելուն՝ անհամբեր սպասելով խանդավառ, միջազգային պրոֆեսորադասախոսական կազմի և Հայաստանից ու արտերկրից ուսանողների»,- ծրագրի մասին հայտարարելով՝ նշեց ՀԱՀ-ի նախագահ Բրյուս Պողոսյանը:

Բակալավրիատի ծրագրի համար ընդունելության քննությունները կկազմակերպի ՀԱՀ-ը, բացի հայոց լեզվի քննությունից, որը դիմորդները կարող են միասնական կարգով հանձնել:

Բիզնեսի ֆակուլտետում ուսման վարձը կկազմի 1 մլն 200 հազար դրամ՝ մոտ 2900 դոլար, մյուս երկուսում` 1-ական մլն դրամ` 2400 դոլար:

«ՀԱՀ-ը որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցության քաղաքականություն։ Սա նշանակում է՝ որևէ հայ ուսանող անվճարունակության պատճառով չի զրկվի ՀԱՀ-ում ուսում ստանալու հնարավորությունից։ ՀԱՀ-ն ունի նաև մասնակի ֆինանսական աջակցության քաղաքականություն, այսինքն՝ ուսանողներն ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա՝ անկախ վճարունակությունից: Նման քաղաքականությամբ ուսումնական հաստատություններ քիչ կան աշխարհում»,- ասել է նախագահ Պողոսյանը։

ՀԱՀ-ը, որը համարվում է Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը, տվել է մոտ 2100 շրջանավարտ, որոնց 80 տոկոսը մնացել է Հայաստանում աշխատելու: