Երևանի մանկապարտեզներ. անվճար, սակայն գերբեռնված

Երևանի մանկապարտեզները գերբեռնված են: Յուրաքանչյուր խմբում 40-45 երեխա կա, մինչդեռ, ըստ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության բաժնի պետի տեղակալ Սիլվա Աչոյանի, որը չորեքշաբթի այս մասին խոսել է մամուլի ասուլիսի ընթացքում, առավելագույնը պետք է 30 երեխա լինի:

Աչոյանի խոսքով՝ խնդիրը քաղաքում մանկապարտեզների պակասն է, ինչպես նաև այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներն անվճար են:

Ներկայումս 1-5 տարեկան 22.000 երեխա է հաճախում մայրաքաղաքի շուրջ 160 մանկապարտեզ, ևս 8000-ը հերթագրված են:

Անցյալ տարվա ապրիլին մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը ողջունեցին ծնողները: Ըստ քաղաքապետարանի՝ որոշումն ընդունվել է թեմայի սոցիալական կարևորությունից ելնելով:

Նախքան քաղաքապետարանի որոշումը միայն Ավան վարչական շրջանի (շրջանի ղեկավարի որոշմամբ) մանկապարտեզներն էին անվճար, իսկ մյուս մանկապարտեզների վարձը ամսական 4000-10.000 դրամ (11- 27 դոլար) էր: Մասնավոր մանկապարտեզներում գները տատանվում են 100-300 դոլարի սահմաններում: