Ներառական կրթություն. ԱԺ-ն ընդունում է նոր օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Կրթության մասին» օրենքում, որոնց համաձայն՝ ֆիզիկական սահմանափակ կարողություններով երեխաները կկարողանան կրթություն ստանալ հանրապետության բոլոր 1450 դպրոցներում:

«Քանի որ այդպիսի ծավալուն փոփոխությունները միջոցառումների մեծ ծրագիր են պահանջում, օրինագիծը նախատեսում է, որ մինչև 2022 թվականը սահմանափակ ֆիզիկական կարողություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ հանրապետության բոլոր դպրոցներում»,– նշեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով օրինագիծը, գրում է «Նովոստի-Արմենիան»։

Ինչպես հայտնեց նախարարը, այսօր Հայաստանում գրանցված է ներառական կրթություն տրամադրող 107 դպրոց, և ամեն տարի դրանց թիվն ավելանում է 15–ով։

«Չեմ վախենա ասել, որ սա հայկական կրթական համակարգի համար հեղափոխական օրինագիծ է։ Մենք պետք է բոլոր երեխաներին հնարավորություն տանք ոչ միայն կրթություն ստանալու, այլ նաև ինտեգրվել հասարակությանը»,– ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունների իրագործումը կսկսվի 2014 թ., քանի որ 2013 թ. պետբյուջեի նախագծով այդ նպատակների համար միջոցներ նախատեսված չեն։

Աշոտյանն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է տասը տարվա ընթացքում միջոցներ հատկացնել տվյալ օրինագծի իրագործման համար։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈԻՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ Հայաստանում այսօր բնակվում է 8 հազար հաշմանդամ երեխա, ինչը կազմում է երկրում ապրող երեխաների ընդհանուր թվի 1 տոկոսը։