Միջազգային օլիմպիադաներում հաղթած աշակերտները Հայաստանում արժանանում են բարձր գնահատանքի

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի ընդունել է երկու վերջին միջազգային օլիմպիադաներում մրցանակների արժանացած աշակերտներին:

Շնորհակալական խոսք հղելով աշակերտներին, ուսուցիչներին, թիմի ղեկավարներին` նախարարը շնորհավորել է նրանց «Աստղագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների միջազգային օլիմպիադաներում հերթական «փայլուն» արդյունքների համար:

Վերջին երկու օլիմպիադաներում մեր դպրոցականներն արձանագրեցին հերթական փայլուն արդյունքը` արժանանալով 6 մեդալի, այդ թվում` 1 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ:

Նախարարն ընդգծել է, որ համաձայն վիճակագրության, այս տարի Հայաստանի թիմը նվաճել է 16 օլիմպիական մեդալ և այդ ցուցանիշով Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ համատեղ, կիսում է 5-7-րդ տեղերը: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մեկ շնչին ընկնող մեդալների քանակով` 2-3-րդ տեղերը:

«2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքով` Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ ցուցաբերելով ամենաբարձր արդյունքները»,- ասել է նա: